ՄԱՐՏԻ 3. «ՎՃՌԱԿԱՆ ՀՆԱԶԱՆԴՈՒԹՅՈՒՆ»

Իմ մարմինը տաճար է Սուրբ Հոգու համար՝ փրկագնված, մաքրված և սրբագործված Հիսուսի արյամբ

Այս դավանությունն անելու համար մենք պետք է վճռական լինենք։ Քրիստոնեությունը վճռական կրոն է։ Վճռական կամ արմատական բառը նշանակում է գործ ունենալ արմատների հետ։ Երբ Հովհաննես Մկրտիչը ներկայացրեց Ավետարանը և Հիսուսին, ասաց. «Արդեն կացինն էլ ծառերի արմատին դրված է. արդ ամեն ծառ, որ բարի պտուղ չի բերում, կկտրվի ու կրակի մեջ կգցվի» (Մատթեոս 3:10):Աստված չի պատրաստվում մի քանի ճյուղեր էտել կամ էլ բունը կտրել։ Նա պատրաստվում է գործ ունենալ ուղիղ արմատի հետ։ Նա պահանջում է, որ ծառը բարի պտուղ բերի: Եթե ծառը բարի պտուղ չի բերում, Աստված ասում է, որ այն կտապալի։

Երիտասարդ սերունդն արմատապես գեղեցիկ լինելու հակում ունի։ Ես կարծում եմ՝ այս հակումը քաջալերվելու կարիք ունի։ Անկեղծ լինելու համար պետք է ասեմ, որ մենք՝ հին սերունդը, արմատական լինելու փոխարեն ավելի շատ փոխզիջման ենք գնացել։ Մենք կարիք ունենք համագործակցել Սուրբ Հոգու հետ, որ հաճախ դրդում է մեզ ակնհայտ արմատական և վճռական փոփոխությունների․

«Եվ եթե Հիսուսին մեռելներից հարություն տվողի Հոգին բնակվում է ձեր մեջ, ապա Քրիստոսին մեռելներից հարություն տվողը ձեր մահկանացում մարմիններն էլ կկենդանացնի Իր Հոգով, որ բնակվում է ձեր մեջ»։

Հռոմեացիներին 8:11

Պողոսն այստեղ մի կարևոր հայտարարություն է անում։ Նա ասում է, որ Սուրբ Հոգին էր՝ Աստծո Հոգին, որ Հիսուսի մեռած մարմնին հարություն տվեց գերեզմանից։ Եվ եթե դուք նույն Հոգին ունեք ձեր մարմինների մեջ, ապա Նա կարող է ձեր կարիքից էլ ավելին անել ձեր մարմնի մեջ Իր զորության միջոցով։ Ինչպիսի՜ արմատական ճշմարտություն։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, Հիսուսի արյան և Քո Սուրբ Հոգու աշխատանքի համար։ Ես հռչակում եմ, որ վճռական հնազանդություն կփնտրեմ՝ համագործակցելով Սուրբ Հոգու հետ, որովհետև իմ մարմինը տաճար է Սուրբ Հոգու համար՝ փրկագնված, մաքրված և սրբագործված Հիսուսի արյամբ։ Ամեն։