Ամեն ինչ, որ մենք աղանդ ենք անվանում, սուտ մարգարեի արդյունք է: Մենք չենք կարող հաշվել այն աղանդների քանակը, որոնց հետ առնչվել ենք վերջին տարիներին: Ես ստիպված եմ ցավով ասել սա, բայց կարծում եմ՝ պետք է ասեմ. այդ սուտ մարգարեներից ոմանք եկեղեցուց դուրս չեն, նրանք եկեղեցու ներսում են:
Ես որոշ չափով ուսումնասիրել եմ Երեմիայի կյանքը, ինձ տպավորել է այն փաստը, որ Հուդայի ժողովրդի պատմության ավարտին ակնհայտորեն մեկ ճշմարիտ մարգարե կար՝ Երեմիան, և անհամար սուտ մարգարեներ: Սա նշան էր, որ երկիրը վերջնական դատաստանի և աղետի եզրին էր: Սուտ մարգարեների փափուկ խոսքերը, որոնցով նրանք խաղաղություն էին խոստանում, մարդկանց մեծ մասի համար պատճառ եղան, որ անտեսեն Երեմիայի ճշմարիտ խոսքերը, ով ասում էր, որ աղետ է մոտենում:
Եվ ես շատ մարգարեների եմ լսել, որոնք խոստացել են ամեն ինչ, բացի նրանից, ինչ լինելու է: Եվ պետք է ասեմ, որ եթե մարդը որևէ սխալ բան է կանխատեսում, նա սուտ մարգարե է: Դուք կարող եք դրա վերաբերյալ գեղեցիկ լեզու գործածել, բայց Մովսեսի օրենքով նա մահվան կդատապարտվեր: Քիչ մարդիկ կմնային այսօր, եթե այդ օրենքը կիրառվեր: Ըստ իս, ով այսօր իսկական մարգարե է, պետք է շեշտադրի «ապաշխարել» բառը: Որովհետև աշխարհի վիճակը և եկեղեցու վիճակը բացառապես ապաշխարություն են պահանջում: Դուք կարող եք զվարճալի խոսքեր ասել, կարող եք մարդկանց ապագայի վերաբերյալ հիանալի մարգարեություններով մոտենալ, բայց եթե ապաշխարության կոչ չկա, ես կասկածում եմ, թե այդ մարդը ճշմարիտ մարգարե է: