Դերեկ Պրինսի հետ կապած հետաքրքիր մի միջադեպ է եղել իմ կյանքում: Մոտ 15 տարի առաջ ես շատ էի ցանկանում ձեռք բերել նրա «Քրիստոսի վարդապետության հիմքերը» գիրքը: Ես իսկապես խորհուրդ կտայի ձեզ կարդալ այդ գիրքը: Այնտեղ շարադրված է քրիստոնեական հավատի հիմքերը, քրիստոենության այբուբենը, որոնք մեզ այնքան անհրաժեշտ են: Երբ հիմքը ճիշտ է դրվում, հետագայում շինարարությունն ավելի հեշտ է լինում: Եվ ես փափագում էի ձեռք բերել այդ գիրքը, սակայն չէի կարողանում այն որևէ տեղում գտնել: Ես այդ գիրքը տեսել էի իմ ծանոթներից մեկի մոտ և երբ կարդում էի այն, պարզապես խնդրեցի Աստծուն. «Տե՛ր, օգնի՛ր ինձ, որ ինչ որ կերպ ձեռք բերեմ այդ գիրքը»: Կրիվոյ Ռոգ քաղաքում էի, և այդ գիրքը հայտնաբերեցի ինչ որ մարդկանց մոտ: Ասացի, որ պատրաստ եմ գնել գիրքը, քանի որ երկար ժամանակ է ինչ փնտրում էի այն: Հետաքրքիր է, որ այդ մարդիկ ասացին հետևյալը. «Մենք ոչ թե կվաճառենք գիրքը, այլ կնվիրենք այն ձեզ: Վերցրեք երկուսը»: Ես վերցրեցի երկու օրինակ, նստեցի գնացքը և սկսեցի կարդալ: Հանկարծ նկատում եմ, որ իմ դիմաց նստած կինը փորձում էր տեսնել, թե ինչ եմ կարդում: Նա առաջ է թեքվում՝ փորձելով կարդալ գրքի վերնագիրը: Եվ հանկարծ մի անսովոր բան է տեղի ունենում. նա ձեռքով փակում է բերանը և արագ հեռանում է: Ես նրա հետևից դուրս եկա՝ հարցնելով. «Ի՞նչ պատահեց»: Նա արտասվում էր. «Դուք չե՛ք հավատա: Ես երկար ժամանակ է, ինչ փնտրում եմ այս գիրքը: Արդեն մի քանի տարի է, ինչ կարդում եմ Ավետարանը և չեմ հասկանում Աստծո Խոսքը: Ես անհավատ էի: Սակայն սկսեցի աղոթել.
-Տե՛ր, ուղարկիր ինձ Քրիստոսի վարդապետության հիմքերը:
Այդպես աղոթում եմ ամեն օր: Ես փնտրում եմ այն: Պատկերացնո՞ւմ եք, ես պետք է երեկ մեկնեի, սակայն ուշացա: Ես ստիպված էի փոխել տոմսը և ես շատ դառնացած էի, որ նման բան եղավ: Ո՞վ կարող էր պատկերացնել, որ ես նստեցի այս գնացքը՝ ձեր հարևանությամբ: Բարի՛ մարդ, թույլ տուր ինձ կարդալ այս գիրքը, մինչ մեր Մոսկվա հասնելը»:
«Իսկ հիմա ես կպատմեմ ձեզ իմ պատմությունը,-ասացի ես,- ես այս գրքից երկուսն ունեմ: Աստված հոգ տարավ, որպեսզի դուք ունենաք ձեր սեփական գիրքը»:
Եվ ես իմ երկրորդ օրինակը նվիրեցի իրեն: Նա շատ երջանիկ էր, որ Աստված նման կերպ պատասխանեց իր աղոթքին:
Ես հավատում եմ, որ Դերեկ Պրինսը պարգև էր Աստծուց, մի քահանա, ով այլևս մեզ հետ չէ, սակայն ում ծառայությունը մինչ օրս էլ շարունակում է պտուղներ բերել: Ես շատ հարգանքով եմ վերաբերվում նրա ուսուցումներին: Չեմ կարող ասել, որ ես շատ եմ լսել նրա քարոզները, սակայն ավելի շատ կարդացել եմ նրա գրքերը: Այն ինչ կարդացել եմ, շատ հոգեհարազատ է եղել ինձ: Ես երբեք լարվածություն չեմ ունեցել կամ չեմ շփոթվել այն բանից, թե ինչպես է այդ մարդը մեկնաբանում Աստվածաշնունչը: Ես տեղյակ եմ նրա կենսագրությունից, և դա ինձ ավելի է ոգեշնչում: Իմ կարծիքը Դերեկ Պրինսի մասին հետևյլան է՝ նա Աստծո անոթն է: Օգտվե՛ք այդ անոթից: Աստված կօրհնի ձեզ այդ բանում:
Ալեքսանդր Շևչենկո
«Հացի տուն» եկեղեցու ավագ հովիվ
Սակրամենտո, ԱՄՆ