ԶՈՀԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿՐՊԱԳՈՒԹՅԱՆ ՄԱՍՆ Է

(հատված «Աստծո ծրագիրը ձեր ֆինանսների համար» գ)

Աստված ցանկանում է, որ մենք մեր փողերին նայենք որպես սուրբ բանի, մի բան, որը կարելի է զոհել Նրան, և որ առանց այս զոհաբերության մեր երկրպագությունը լիարժեք չի լինի: Մենք կսկսենք հինկտակարանյան օրինակներից:

Ելից 23:14-15-ում Աստված հրահանգում է, որ Իսրայելի բոլոր տղամարդիկ տարվա մեջ երեք անգամ պետք է Երուսաղեմ գնան: Նրանք պետք է զոհ մատուցեին և տոնակատարություն անեին Աստծո առաջ: Ահա այդ հրահանգի մի մասը.

«Տարին երեք անգամ Ինձ համար տո՛ն պահիր: Բաղարջակերաց տոնը պահիր. յոթ օր անխմոր հաց կեր քեզ պատվիրածի պես` Աբիբ ամսվա սահմանված ժամանակին, որովհետև այս ամսում Եգիպտոսից դուրս եկար:
Մեկը դատարկ չերևա Իմ առաջ»:

Սա Աստծո կարգադրություններից մեկն էր՝ տաճարում երկրպագության և տոնակատարության համար: Իսրայելը Աստծո որոշած ժամանակին և սահմանված կարգով պետք է գար, և ոչ մի իսրայելացի դատարկ ձեռքով չպետք է հայտնվեր Նրա առաջ: Յուրաքանչյուր իսրայելացի պետք է զոհ մատուցեր Աստծուն, որպես տոնակատարության և երկրպագության մաս:
Սաղմոս 96:8-9-ում սաղմոսերգուն Աստծո ողջ ժողովրդին ասում է.

«Տվե՛ք Տիրոջը Նրա անվան փառքը, ընծա՛ բերեք և մտե՛ք Նրա սրահները: Երկրպագությու՛ն արեք Տիրոջը սուրբ զարդարանքով»:

Աստծո Խոսքն ասում է. «Ընծա բերե՛ք և մտե՛ք Նրա սրահները», սակայն առանց ընծայի չգա՛ք: Այստեղ հիշատակվում է ‎ֆինանսական կամ այլ տեսակի զոհաբերության երեք կարևոր փաստ:

Զոհաբերությունը փառք է բերում Աստծուն: Սաղմոսերգուն ասում է. «Տվե՛ք Տիրոջը Նրա անվան փառքը, ընծա՛ բերեք…»: Ինչպե՞ս պետք է փառք տանք Աստծուն։ Պատասխանն ակնհայտ է՝ զոհաբերություն մատուցելով:

Զոհաբերությունը մեզ իրավունք է տալիս Աստծո սրահների մեջ մտնելու: Մենք որևէ իրավունք չունենք հավակնելու Աստծո սրահներին, եթե չենք ներկայանում մեր զոհաբերությամբ: Ելից 23:15-ում Աստված ասել է. «Մեկը դատարկ չերևա Իմ առաջ»: Եթե ցանկանում եք գալ Աստծո առաջ և մտնել Նրա սրահները, ապա պետք է զոհաբերություն մատուցեք:

Զոհաբերություն մատուցելը Աստծո կողմից սահմանված երկրպագության մի մասն է: Սաղմոսերգուն շարունակում է. «Երկրպագությու՛ն արեք Տիրոջը սուրբ զարդարանքով»: Սա մեզ ասում է այն մասին, որ մեր երկրպագությունը լիարժեք չի լինի, մինչև մեր զոհը չներկայացնենք Աստծուն:

Մենք արդեն տեսել ենք, որ երբ մեր փողը տալիս ենք Աստծուն, ապա տալիս ենք մեր կյանքի մի շատ կարևոր մասը: Դրանով մենք Նրան ենք տալիս մեր ժամանակը, մեր կարողությունը և մեր շնորհները: Մեծամասնությունն իրենց կյանքի գլխավոր ուժերը ներդնում են այնպիսի գործի մեջ, որը եկամուտ և արդյունք է բերում: Երբ մեր եկամուտից որոշված մասը զոհում ենք Աստծուն, ապա ինքներս մեզ ենք զոհում Աստծուն: Եվ չկա ավելի սուրբ զոհ, քան անձնական նվիրաբերումը:

Աստված ասում է. «Եթե դու ցանկանում ես գալ Իմ սրահները, կանգնել Իմ առաջ, փառավորել Ինձ և երկրպագել Ինձ սուրբ զարդարանքով, ապա բե՛ր քո զոհաբերությունը»: Զոհաբերությունը, երկրպագությունն ու սրբությունը շատ սերտ կապ ունեն մեր կյանքի համար ունեցած Աստծո ծրագրում:

Մեկ այլ կարևոր բան, որ Աստծո ժողովրդից շատերն ամբողջովին չեն հասկանում, այն է, որ Աստված գրառում է Իր ժողովրդի զոհաբերությունը: Աստված հաշվեմատյան ունի ամեն մեկիս համար: Սա նկարագրելու համար մենք պետք է կարդանք Թվոց յոթերորդ գլուխը: Այս գլուխը նկարագրում է, թե Իսրայելի ցեղերի 12 իշխաններն ինչ են զոհաբերում Աստծուն: Յուրաքանչյուր իշխան ճշգրտորեն նույն չափով է զոհաբերում, ինչը և մյուսները, բայց նրանցից ամեն մեկի զոհաբերությունը մանրակրկիտ նկարագրված է, յուրաքանչյուրն առանձին: Աստված չի ասում. «Երկրորդ իշխանը նույն բանը զոհաբերեց», կամ էլ «Բոլոր տասներկու իշխանները զոհաբերեցին այս բանը»: Սակայն ամեն իշխանի զոհը առանձին է ներկայացված: Աստվածաշունչը բավականին խնայողական գիրք է, նրա ոչ մի էջը զուր տեղը չի օգտագործված: Աստված սրանով մեզ ցույց է տալիս, թե Նա որքան զգուշորեն է գրի առնում այն ամենը, ինչը մենք զոհում ենք Իրեն:
Ահա հաշվետվությունը առաջին իշխանի մասին.

«Եվ իշխանները սեղանի նավակատիքի ընծաները մատուցեցին սեղանի օծման օրը: Եվ իշխաններն իրենց ընծաները սեղանի առաջ մատուցեցին: Եվ Եհովան ասաց Մովսեսին.
– Սեղանի նավակատիքի համար ամեն մի իշխան մեկ օր իրենց ընծաները մատուցեն (այս արարողությունը տասներկու օր տևեց):
Եվ առաջին օրն իր ընծան մատուցողը Ամինադաբի որդի Նաասոնն էր՝ Հուդայի ցեղից: Եվ այս էր նրա ընծան` մեկ արծաթի սկուտեղ` հարյուր երեսուն սիկղից, մեկ արծաթի կոնք` յոթանասուն սիկղից սրբարանի սիկղի համեմատ՝ երկուսն էլ լիքը, հացի ընծայի համար յուղով զանգված` բարակ ալյուրով: Տասը սիկղ ոսկուց մեկ տուփ` խունկով լիքը (սա այսօր հազարավոր դոլարներ կարժենա): Մեկ զվարակ, մեկ խոյ, մեկ տարեկան գառ՝ ողջակեզի համար, այծերից մեկ նոխազ` մեղքի պատարագի համար: Եվ խաղաղության զոհի համար երկու արջառ, հինգ խոյ, հինգ նոխազ, հինգ հատ մեկ տարեկան գառներ: Ամինադաբի որդի Նաասոնի մատուցած ընծան սա էր»:
Թվոց 7:10-17

Աստված ամեն իշխանի բերածի համար մանրամասն գրառում կատարեց և հոգ տարավ, որ այն ընդգրկվի Սուրբ Գրքում:
Նոր Կտակարանը սովորեցնում է մեզ, որ Հիսուսն ինքը նայում է, թե մենք ինչպես ենք տալիս: Մարկոս 12:41-44-ում մենք կարդում ենք.

«Հիսուսը, գանձանակի դիմաց նստած, նայում էր, թե ժողովուրդն ինչպե՛ս է գանձանակը փող գցում: Շատ հարուստներ մեծ գումար էին գցում: Մի աղքատ որբևայրի եկավ, երկու լումա գցեց, որ մի նաքարակիտ է: Իր աշակերտներին իր մոտ կանչեց ու նրանց ասաց.
– Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այս աղքատ որբևայրին գանձանակը գցողների մեջ ամենաշատը գցեց: Որովհետև բոլորն իրենց ավելացածից գցեցին, մինչդեռ սա իր չքավորությունից գցեց այն ամենը, ինչ ուներ՝ իր կյանքի ամբողջ ապրուստը»:

Հիսուսն արժանի համարեց նստել և նայել, թե ինչ և ինչպես են մարդիկ զոհաբերում: Նա նույնը անում է նաև այսօր: Գուցե մենք իրեն չենք տեսնում, բայց նա նայում է, թե ինչպես և ինչ ենք մենք տալիս:

Այստեղ երկու կարևոր պահ կա. առաջինը` Հիսուսը տեսավ, թե ամեն մեկը որքան էր տալիս և տվեց դրանց ճիշտ արժեքը, երկրորդ` Աստված չափում է այն, թե ինչպես ենք մենք տալիս ըստ այն բանի, թե որքանն է մնում մեզ մոտ: Հիսուսը նշում է, որ այդ կինը ամենաշատը տվեց, որովհետև նա ոչինչ չպահեց իրեն: Հիշե՛ք, որ երբ Աստված գնահատում է ձեր տվածը, նա նայում է ձեր մնացորդին:
Եվս մեկ վերջնական կետ. մեկ օր մեզանից յուրաքանչյուրը հաշիվ է տալու Աստծուն.

«Ուրեմն մեզանից ամեն մեկն իր անձի համար Աստծուն պետք է հաշիվ տա»:
Հռոմեացիների 14:12

Սա մեզանից յուրաքանչյուրին է սպասվում: Հունարեն բնագրում այս խոսքը` հաշվետվություն տալը, օգտագործվել է ‎ֆինանսական բնագավառում: Այնպես որ ամեն մեկս ‎ֆինանսական հաշվետվություն ենք ներկայացնելու Աստծուն: