Նոր տարին ճիշտ սկսելու աստվածաշնչյան 10 խորհուրդ
Յուրաքանչյուր տարվա սկիզբ հրաշալի խթանիչ է և շարժառիթ` ամեն բան նոր էջից սկսելու։ Մենք որոշումներ ենք կայացնում, խոստումներ տալիս, քայլեր ձեռնարկում… Հետո գնում ենք որոշ փոխզիջման` ասելով, որ թող այս տոներն անցնեն, այդ ժամանակ մի բան կանեմ։ Մենք մեր կյանքը փորձում ենք կապել օրերին և հանգամանքներին` մեծագույն հույս և սպասում արթնացնելով վաղվա օրվա հանդեպ։ Ներկան մեզ թվում է մռայլ և անհրապույր, իսկ վաղը` լուսավոր և խոստումնալից։ Մենք ամեն բան կապում ենք ապագայի հետ` մոռանալով, որ ապագան որոշվում է ներկայում, որ ներկան է որոշիչը։ Աստվածաշունչն ասում է, որ «Այսօր է փրկության օրը»։ Եթե մենք սպասենք վաղվան, այն գուցե երբեք էլ չգա։ Դրա համար ամեն ներկա օրվա մեջ տեսնենք նոր հնարավորություն` փոխելու մեր կյանքը, հարաբերությունները, արժեքները։
«Սկզբում էր Բանը»,- ասաց Հովհաննես ավետարանիչը իր գրքի 1-ին գլխի 1-ին խոսքում։ Ամեն բան սկսվում է խոսքից, իսկ ամեն լավ բան սկսվում է Աստծո Խոսքից։ Այդ իսկ պատճառով տարին, ինչպես նաև օրը սկսելու լավագույն միջոցը և ճանապարհը Աստծո Խոսքն է։ Որոշում կայացրեք այս տարի մեկ անգամ ևս կարդալ Աստվածաշունչն ամբողջովին, անգիր սովորել կարևոր հատվածները և դրանք կիրառել ձեր կյանքում։ Աստծո Խոսքը դեռ ձեզ շատ պետք կգա, քանզի եկող տարին լի է փորձություններով, անակնկալներով և դժվարություններով։ Այդ իսկ պատճառով, օգտվելով արձակուրդների ընձեռած ազատ ժամանակից, անջատեք հեռուստացույցը և առանձնացեք Աստծո Խոսքի հետ։ Ֆեյսբուքում և սոցիալական այլ ցանցերում կորցրած ձեր ժամերը ձեզ որևէ օգուտ չեն տա։ Նախքան տեսնելը, թե ովքեր են քո նկարին կամ քո գաղափարին հավանություն տվել սոցցանցերի միջոցով, նայիր Աստվածաշնչին և տես, թե Աստված արդյոք հավանություն է տալիս քո կյանքին։ Նախքան նայելը, թե մարդիկ ինչ են գրել քեզ և քո մասին, տես, թե Աստված ինչ է գրել քեզ Իր հավիտենական Խոսքի մեջ։
Այսպիսով, ահա մի քանի գործնական խորհուրդներ Աստվածաշնչից` Նոր տարին ճիշտ սկսելու համար։
«Ամեն բան իր ժամանակն ունի, ու երկնքի տակ եղող ամեն ձեռնարկ` իր ժամանակը»։
Ժողովող 3:1
«Առաջվա բաները մի՛ հիշեք և հին բաները մի՛ մտաբերեք։ Ահա Ես նոր բան եմ անում. հիմա կհայտնվի. մի՞թե չեք ճանաչելու դա։ Ամայի տեղում ճանապարհ պիտ շինեմ, անապատում` գետեր»։
Եսայա 43:18-19
«Սովորեցրու մեզ այնպես հաշվել մեր օրերը, որ մեր սիրտը նվիրենք իմաստություն ձեռք բերելուն»։
Սաղմոս 90:12
«Քանի որ Ես գիտեմ այն խորհուրդները, որ խորհում եմ ձեր մասին,- ասում է Տերը,- խաղաղությա՛ն խորհուրդներ և ոչ թե չարիքի, որ ձեզ ապագա և հույս տամ»։
Երեմիա 29:11
«Ուրեմն, եթե մեկը Քրիստոսի մեջ է, նա նոր արարած է։ Հներն անցան, և ահա ամեն բան նոր եղավ»։
2-րդ Կորնթացիներին 5:17
«Եվ երբ աղոթքի կանգնեք, ներեցե՛ք, եթե մեկի դեմ մի բան ունեք, որպեսզի ձեր Հայրն էլ, որ երկնքում է, ների ձեզ ձեր հանցանքները։ Իսկ եթե դուք չներեք, ձեր Հայրն էլ, որ երկնքում է, ձեզ չի ների ձեր հանցանքները»։
Մարկոս 11:25-26
«Սրտիդ համեմատ (Աստված) քեզ տա և կատարի քո բոլոր խորհուրդները»։
Սաղմոս 20:4
«Փնտրեցե՛ք Տիրոջն ու Նրա զորությունը, Նրա երեսը փնտրեցեք ամեն ժամանակ, հիշեցե՛ք Նրա արած զարմանալի գործերը, Նրա հրաշալինքերն ու Նրա բերանի դատաստանները»։
1-ին Մնացորդաց 16։11-12
«Քո ամբողջ սրտով Տիրոջը վստահիր ու մի՛ հենվիր քո հասկացողության վրա։ Քո բոլոր ճամփաների մեջ ճանաչիր Նրան, և Նա կուղղի քո շավիղները»։
Առակաց 3:5-6
«Տիրոջը հանձնի՛ր ճամփադ ու Նրան վստահիր, և Նա կիրագործի այն։ Եվ քո արդարությունը դուրս կբերի լույսի պես ու քո իրավունքը` կեսօրվա պես»։
Սաղմոս 37:5-6
Նյութը պատրաստեց Վազգեն Զոհրաբյանը
«Դերեկ Պրինսի ծառայության» տարածաշրջանային տնօրեն