Մի երգի պատմություն. «Ի~նչ մեծ ես Դու»
«Ո~վ մեծ Աստված, երբ զննեմ այս աշխարհը». այս հին և հանրահայտ երգը բազում սրտեր և հոգիներ է գերել` թարգմանվելով բազմաթիվ լեզուներով և տարածում գտնելով շատ ազգերի մեջ։ Միլիոնավոր հավատացյալներ` քրիստոնեական բոլոր եկեղեցիներից և հարանվանություններից անթաքույց հուզմունք են ապրում, երբ միաբան երգում են այս հայտնի օրհներգը։
Այս գեղեցիկ երգն իր հետաքրքիր պատմությունն ունի։ Բառերը գրվել են շվեդական հին երաժշտության հիման վրա դեռևս 1885 թվականին` շվեդ բանաստեղծ Կարլ Գուստավ Բոբերգի կողմից։ Երգը շատ արագ թարգմանվեց գերմաներեն, այնուհետև ռուսերեն լեզուներով և սիրվեց շատերի կողմից։ Այն ռուսերենից անգլերեն է թարգմանվել բրիտանացի միսիոներ Ստյուարտ Հայնեի կողմից, ով երգի բառերին ավելացրեց ևս երկու տուն։ Երգն ավելի հանրաճանաճ դարձավ Բիլլի Գրեհեմի ավետարանչական արշավների շնորհիվ։ Ըստ BBC անգլիական հեղինակավոր հեռուստաընկերության կողմից կազմակերպված քվեարկության արդյունքների, երգը հռչակվել է Միացյալ Թագավորության ամենահանրահայտ օրհներգ։ Իսկ ըստ Today’s Christian ամսագրի տվյալների «Ինչ մեծ ես Դու» երգը համարվել է բոլոր ժամանակների ամենահայտնի երգը «Զարմանահրաշ շնորհ» երգից հետո (“Amazing Grace“)։
Եվ թեպետ շուրջ 135 տարի է անցել այն օրվանից, երբ առաջին անգամ ներկայացվեց այս սքանչելի երգը, այն չի կորցրել իր շուքն ու գեղեցկությունը։ Այսօր էլ միլիոնավոր մարդիկ շարունակում են հիացմունք և հուզմունք ապրել այս երգը կատարելիս։
Վայելեք այս երգը Ջենիֆեր Նեթթլեսի և Ջոն Գլոսոնի ցնցող և աննման կատարմամբ։
Նյութը պատրաստեց Վազգեն Զոհրաբյանը