ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31. «ԿԱՆՉԵԼՈՎ ԱՍՏԾՈ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆԸ»
Ամեն ժամանակ օրհնության զոհ մատուցենք
Այն քահանայական օրհնության գագաթնակետը, որ Ահարոնն ու իր հետնորդները պետք է հռչակեին Իսրայելի ժողովրդի վրա, հետևյալ խոսքերի մեջ է. «Եվ իմ անունը Իսրայելի որդիների վրա պիտի դնեն, և ես կօրհնեմ նրանց» (Թվեր 6:27)։
Հաճախ ամենաարդյունավետ աղոթքները, որ կարող ենք մատուցել այլ մարդկանց համար, այն աղոթքներն են, երբ փառաբանում և շնորհակալություն ենք հայտնում՝ Հիսուսի անունը կանչելով նրանց վրա։ Երբ Հիսուսի անունը դնում ենք նրանց վրա, ում համար աղոթում ենք, մենք Աստծո օրհնությունն ենք կանչում նրանց վրա։ Մեզանից քչերն են հասկանում, թե որքան ենք հոգով բարձրացնում մարդկանց, երբ պարզապես Աստծուն գոհություն ենք հայտնում նրանց համար։ Սա է որպես բարեխոսներ մեր ծառայության հիմնական մասը։
«Աղոթող Հայդը» հայտնի միսիոներ էր Հնդկաստանի Փունջաբում այս վերջին դարի ընթացքում, երբ Հնդկաստանը դեռևս Բրիտանիայի տիրապետության տակ էր։ Հայդի ծառայությունն աղոթքն էր. մնացած ամեն բան երկրորդական էր։ Որոշ ժամանակ անց նա հանդիպեց մի հնդիկ ավետարանչի, ում Հայդը համարում էր անարդյունավետ և սառը։ Երբ նա սկսեց այդ մարդու համար աղոթել, նա ասաց. «Տե՛ր, Դու գիտես, …,-նա պատրաստվում էր ասել.- թե որքան սառն է եղբայր «Այսինչը»…»։ Բայց Սուրբ Հոգին նրան դադարեցրեց՝ հիշեցնելով Առակաց 30:10-ը. «Մի ծառայից իր Տիրոջ մոտ մի՛ բամբասիր»։
Այսպիսով, եղբայր Հայդը փոխեց իր վերաբերմունքը։ Նա սկսեց մտածել այդ մարդու մեջ եղած բոլոր լավ բաների մասին և Աստծուն շնորհակալություն հայտնեց նրա համար։ Մի քանի ամիսների ընթացքում այդ մարդը ակնառու կերպով հաջողակ ավետարանիչ դարձավ։ Ի՞նչը փոխեց նրան։ Ոչ թե մեղադրական աղոթքը, այլ՝ իր համար բարձրացրած գոհության աղոթքը։
Աստված սովորեցրել է ինձ, որ եթե ես չեմ կարողանում Իրեն շնորհակալություն հայտնել որևէ մեկի համար, ուրեմն գրեթե իրավունք չունեմ աղոթելու այդ մարդու համար։ Ես ավելի լավ է չաղոթեմ, քանի որ իմ աղոթքը կարող է ավելի շատ վնասել, քան օգուտ բերել։ Ինչպես Թվոց 6:27-ն է ասում. «Եվ իմ անունը Իսրայելի որդիների վրա պիտի դնեն, և ես կօրհնեմ նրանց»։
Շնորհակալությու՜ն, Տե՛ր, ես Քեզ փառք եմ տալիս։ Հռչակում եմ, որ ես «քո ծառայից չեմ բամբասում», այլ փոխարենը Աստծո օրհնությունն եմ կանչում նրա վրա։ Ես ամեն ժամանակ օրհնության զոհ կմատուցեմ Աստծուն։ Ամեն։