ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30. «ՓԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԼՌԵՑՆՈՒՄ Է ՍԱՏԱՆԱՅԻՆ»

Ամեն ժամանակ օրհնության զոհ մատուցենք

Փառաբանությունը հոգևոր զենք է, որը կարող ենք օգտագործել սատանային լռեցնելու համար։ Հավանաբար սրանից ավելի կարևոր փաստ չկա Ասվածաշնչում։ Գործնական քրիստոնեական կյանք ապրելու տեսանկյունից՝ Աստված քեզ միջոց է տվել սատանայի բերանը փակելու համար։ Սաղմոս 8:2-ն ասում է. «Երեխաների և կաթնակերների բերանից զորություն պատրաստեցիր քո թշնամիների պատճառով, որ լռեցնես թշնամուն և վրեժխնդրություն անողին»։ Աստծուն դիմելով՝ սաղմոսերգուն խոսում էր եզակի թվով դրված «թշնամիների» և եզակի թվով դրված «վրեժխնդրություն անողի» մասին։ «Թշնամին և վրեժխնդրություն անողը» ոչ այլ ինչ է, քան հենց ինքը՝ սատանան, իսկ «թշնամիները» չար ոգիներն են՝ սատանայի գործիքները մեր դեմ։ Սատանայի և իր չար ոգիների պատճառով Աստված զորություն է պատրաստել, որով կկարողանանք լռեցնել սատանային։

Հիսուսը մեջբերեց այս խոսքը Մատթեոսի ավետարանում։Այդ մեջբերումն ի հայտ է բերում այս հատվածի ամբողջական պատգամը։ Այդ տեսարանում Հիսուսը տաճարում է և բժշկում է հիվանդներին, իսկ երեխաները նրա առջև այս ու այն կողմ են վազվզում՝ գոչելով. «Օվսաննա՜ Դավթի Որդուն» (Մատթեոս 21:15)։ Սա մտահոգեց կրոնական դպիրներին, այսպիսով նրանք ասացին Հիսուսին. «Լսու՞մ ես՝ դրանք ի՛նչ են ասում»։ Այնուհետև Հիսուսն այս հայտնությունն է տալիս. «Այո՛։ Դուք երբևէ չե՞ք կարդացել, թե՝ “Մանուկների ու կաթնակերների բերանով օրհնություն կատարեցիր”» (խոսք 16)։ Երբ սաղմոսերգուն ասում է «զորություն պատրաստեցիր», Հիսուսն ասում է «օրհնություն կատարեցիր»։ Այսպիսով, մենք գալիս ենք հետևյալ պարզ և շիտակ եզրակացությանը. Աստծո ժողովրդի համար «պատրաստված զորությունը» պատերազմի մեջ «օրհնություն կատարելն» է, այսինքն՝ փառաբանելը։ Աստված մեզ համար հնարավոր է դարձրել սատանայի և իր բոլոր չար ոգիների բերանը փակել փառաբանությամբ։

Մենք՝ որպես «երեխաներ և կաթնակերներ», եթե միայն լիակատար կերպով փառաբանենք Աստծուն, ապա մեր բերանից դուրս կգա մի զենք, որը լռեցնում է սատանային։ Եվ Աստված կփառավորվի։

Շնորհակալությու՜ն, Տե՛ր, ես Քեզ փառք եմ տալիս։ Հռչակում եմ, որ իմ փառաբանությամբ ես լռեցնում եմ սատանային և փառավորում Աստծուն։ Ես ամեն ժամանակ օրհնության զոհ կմատուցեմ Աստծուն։ Ամեն։