ՆՈՅԵՄԲԵՐԻ 28. «ԳԱՀԸՆԿԵՑ ԱՆԵԼՈՎ ՄԵՐ ԱՆՁԵՐԸ»
Զգույշ լինենք իրար նկատմամբ։
Մարդկանց ծառայել կամենալու հետ կապված՝ ուզում եմ՝ նայենք Պողոսի գրած մեկ այլ հատված, որը նա հասցեագրել էր կորնթացի քրիստոնյաներին։ Պողոսն անցյալում մի խիստ, օրինապահ, ուղղահավատ հրեա էր։ Նա փարիսեցի էր և րաբբի լինելու որակավորում ուներ։ Նա մի այնպիսի արդարություն ուներ, որն իրեն զատել էր մարդկանցից, ում նա համարում էր ցածր մակարդակի մարդիկ, որոնց նույնիսկ անարգում էր։
Սակայն երբ նա ճանաչեց Հիսուսին, ամենահրաշագեղ փոփոխությունը տեղի ունեցավ նրա էության մեջ։ Մի՛շտ մտապահեք, որ Կորնթոսի մարդիկ հիմնականում երկրի տականքներն էին։ Պողոսն իր նամակում ասում է, որ նրանցից որոշները համասեռամոլ էին, մի քանիսը՝ մարմնավաճառ, որոշները՝ արբեցողներ, որոշներն էլ՝ հայհոյողներ։ Նրանք ուղղակի չէին կարող լավ մարդիկ համարվել։ Կորնթոսը հին աշխարհի մեծագույն նավահանգիստներից մեկն էր, և այլ նավահանգիստների նման այս քաղաքը լցված էր նմանատիպ մարդկանցով։
Բայց եկե՛ք նայենք Պողոսի հետևյալ ապշեցուցիչ խոսքին.
«Որովհետև մենք ոչ թե մեր անձերն ենք քարոզում, այլ Տեր Հիսուս Քրիստոսին, և մենք ձեր ծառաներն ենք Քրիստոսի համար»։
2-րդԿորնթացիներին 4:5
Ահա թե ինչ է ասում այս հպարտ փարիսեցին. «Մենք ձեր ստրուկներն ենք Քրիստոսի համար», ստրուկներ նույնիսկ այնպիսիններին, ինչպիսին կորնթացիներն էին։
Նկատե՛ք երեք քայլերը։Առաջին, գահընկեց անձ. «ոչ թե մեր անձերը»։ Երկրորդ, Քրիստոսին բարձրացնել գահին. «Տեր Հիսուս Քրիստոսին»։ Երրորդ, ծառայել այլ մարդկանց. «Մենք ձեր ծառաներն ենք Քրիստոսի համար»։ Այս երեք քայլերն այնքա՜ն կարևոր են։ Սիրո՛վ ծառայեք մարդկանց։ Սա է պատգամը. խուսափե՛ք եսակենտրոնությունից։
Շնորհակալությու՛ն, Տե՛ր, որ Դու օգնում ես ինձ սիրել մարդկանց։ Հռչակում եմ, որ ես գահընկեց եմ անում իմ անձը, Քրիստոսին բարձրացնում եմ գահին և ծառայում եմ մարդկանց։ Ես զգույշ կլինեմ մարդկանց հանդեպ։ Ամեն։