«Տերը ջրհեղեղի վրա է նստում. Տերը հավիտյան թագավորելու է: Տերը Իր ժողովրդին զորություն է տալու, Տերն Իր ժողովրդին խաղաղությամբ է օրհնելու»:

Սաղմոս 29:10-11

 

Ջրհեղեղի վրա նստողը

544211_270136983120390_1850894875_n Դավիթն այս հատվածում ներկայացնում է Տիրոջը որպես հզոր թագավոր, որը նստած է Իր գահի վրա: Մենք տեսնում ենք Նրան` գահակալած անհանգիստ, մոլեգին ջրհեղեղի վրա: Սա խոսում է այն սարսափելի ուժերի մասին, որոնք արձակվում են ամենուրեք մեր շուրջ, որոնք սպառնում են հենց մեր կյանքին և որոնց մենք չենք կարող վերահսկել: Այս անհանգիստ ջրերը խորհրդանշում են նաև աշխարհի փոթորկոտ և ըմբոստ ազգերը, որոնք գտնվում են չար հոգևոր ուժերի տիրապետության ներքո: Պատմոսում տեսած իր տեսիլքի մեջ Հովհաննեսը նկարագրում է մի պոռնիկի, որը նստած է շատ ջրերի վրա, և նրան ասվեց. «Այդ ջրերը, որ տեսար, ուր որ պոռնիկը նստած է, ժողովուրդներ են, բազմություններ, ազգեր ու լեզուներ» (Հայտնություն 17:15): Սրանք նույնպես թշնամական են մեր` Աստծո ժողովրի հանդեպ: Նայելով փոթորկոտ և թշնամական ուժերի այս պատկերին` Դավիթը հիշեցնում է մեզ, որ կա մի Թագավոր, որը տիրում է այս բոլորի վրա: Դա Տե՛րն է: Նա սպասում է, որ մենք գիտակցենք Իր թագավորումը, և տանք Նրան արժանի փառքն ու պատիվը: Երբ մենք այսպես ենք վարվում, Նա էլ Իր հերթին երկու ձևով է արձագանքում մեզ. տալիս է մեզ Իր զորությունը և օրհնում է մեզ Իր խաղաղությամբ: Այն զորությունը, որը մեզ կպահի այս բոլոր թշնամական ուժերի մեջ, միայն Տիրոջից է գալիս: Մեր սեփական զորությունը կձախողի մեզ, բայց «Տիրոջն ապավինողները կնորոգվեն ուժով» (Եսայա 40:31): Տերն օրհնում է Իր ժողովրդին խաղաղությամբ անգամ ամենամեծ ճնշումների մեջ: Խաղաղություն, որը կախում չունի արտաքին հանգամանքներից: Այն բխում է միայն այն գիտակցումից, որ Տերը նստած է ջրհեղեղի վրա:

 

Հավատքի արձագանքը

 Տե՛ր, ես իմ հայացքը ջրհեղեղից ուղղում եմ դեպի Քեզ, դեպի Քո բարձր գահը, և ընդունում եմ քեզանից այն զորությունն ու խաղաղությունը, որի կարիքը ես ունեմ: