Մոտենանք Սրբարանին
Պողոսը Եփեսոսի եկեղեցուն (ինչպես նաև մեզ բոլորիս) գրեց.
«Բայց Աստված, որ հարուստ է ողորմությամբ, իր առատ սիրո համար, որով մեզ սիրեց, երբ մեռած էինք հանցանքներում, մեզ Քրիստոսի հետ կենդանացրեց։ …Նրա հետ մեզ հարություն տվեց և նրա հետ նստեցրեց երկնքում՝ Քրիստոս Հիսուսով»։
Եփեսացիներին 2:4-6
Ուշադրությու՛ն դարձրեք Հիսուսի հետ նույնանալու այս երեք փուլերին։ Առաջին, մենք կենդանացանք, երկրորդ, հարություն առանք, և երրորդ, մենք նրա հետ նստեցինք։ Հիսուսը գահի վրա է նստած։ Այսպիսով, ի՞նչ է նշանակում մեր՝ նրա հետ նստած լինելը։ Դա նշանակում է գահակալել, նրա գահին բաժնեկից լինել։
Այն պահին, երբ հասկանում ենք մեր նույնացումը Քրիստոսի հետ, հրավիրվում ենք նրան հետևելու մինչև ճանապարհի վերջը։ Նա «նոր ու կենդանի ճանապարհն» է (Եբրայեցիներին 10:20)։ Մենք կարող ենք կենդանանալ նրա միջոցով, ինչպես նաև հարություն առնել նրա հետ։ Սակայն պետք չէ կանգ առնել այդտեղ։ Մենք կարող ենք նաև գահակալել նրա հետ։
Խորանի օրինակը բերելով՝ հավատում եմ, որ առաջին վարագույրը ներկայացնում է Քրիստոսի հարությանը մեր մասնակից լինելը։ Երկրորդ վարագույրը, որը տանում է դեպի Սրբարան ներկայացնում է այն, ինչի միջով անցնելով՝ մենք մասնակից ենք լինում Հիսուսի համբարձմանը։ Հիսուսը ոչ միայն հարություն առավ, այլ նաև դրանից հետո նա բարձրացավ երկինք՝ դեպի գահը։ Եվ Աստված ուզում է, որ մենք հենց այդտեղ լինենք։ Աստված չի ցանկանում, որ մենք նոր ու կենդանի ճանապարհի կեսին կանգնենք՝ չհասնելով Սրբարանին, որտեղ Հիսուսի հետ բաժնեկից ենք լինում գահին՝ նրա հետ երկինքներում նստելով։ Սա է մեր վերջնական հանգրվանը։
Թող մեր որոշումն այն լինի, որ ճանապարհի կեսին չկանգնենք, այլ հասնենք այն վայրը, որտեղ Աստված ուզում է, որ մենք լինենք։
Շնորհակալությու՛ն, տե՛ր, որ Հիսուսի արյամբ կարող եմ մոտենալ Քեզ։ Ես հռչակում եմ, որ ճանապարհի կեսին չեմ կանգնի, այլ կհասնեմ այն վայրը, որտեղ Աստված ուզում է, որ ես գամ։ Ես կմոտենամ Սրբարանին։ Ամեն։