ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9. «ԵՐԿՐՊԱԳՈՒԹՅԱՆ ԴԻՐՔ»

Զգուշանա՛նք, որ Քրիստոսի հանգիստը մտնելուց չուշանանք

Աստծո հանգիստը մտնելու այս կոչի մասին խորհելիս կարող ենք մտածել հետևյալ հարցերի շուրջ. որքա՞ն արդյունավետ ենք օգտագործում մեր ժամանակը։ Արդյոք իրապես գիտե՞նք, թե ինչ է նշանակում հանգստանալ։ Արդյոք ընդունա՞կ ենք ինքներս մեզ կրթելու, որ դադարենք որոշ բաներ անելուց՝ նույնիսկ մեր մտքի մեջ։ Կարո՞ղ ենք երբևէ չպառկել ու մտածել այն բանի շուրջ, ինչը պետք է անելիս լինեինք։

Աստծուն ավելի շատ հետաքրքրում է բնավորությունը, քան թե՝ ձեռքբերումները։ Ձեռքբերումները կարևոր են միայն ժամանակային ոլորտում, սակայն բնավորությունը հավիտենական է։ Այն որոշում է, թե մենք որտեղ պիտի անցկացնենք հավիտենությունը։

Եսայան տեսիլքի մեջ տեսավ երկնային փառավոր արարածներ և Տիրոջ գահը (տե՛ս Եսայա 6)։ Երկնքում երկրպագությունն առաջնորդում էին սերովբե կոչվող արարծները (եբրայերեն՝ սերաֆ)։ Սերովբե բառն ուղղակի կապ ունի կրակ բառի հետ։ Նրանք Աստծո գահի մոտ կանգնած հրեղեն արարածներ են, որ ցերեկ ու գիշեր աղաղակում էին. «Սու՛րբ, սու՛րբ, սու՛րբ է Զորաց Տերը» (Եսայա 6:3)։ Նրանցից յուրաքանչյուրը վեց թև ուներ, որոնք սերովբեները տպավորիչ կերպով էին օգտագործում։ Երկու թևով նրանք ծածկում էին իրենց երեսը, մյուս երկուսով՝ իրենց ոտքերը, իսկ մյուս երկուսով նրանք թռչում էին (տե՛ս խոսք 2)։ Երեսն ու ոտքերը ծածկելը ես մեկնաբանում եմ որպես երկրպագության խոնարհություն, իսկ թռչելը մեկնաբանում եմ որպես ծառայության գործ։

Ես հավատում եմ Աստծուց բարձրաձայն գոհանալու և փառաբանելու կարևորությանը՝ նույնիսկ պարելով, ծափահարելով և երգելով։ Սակայն պահ կգա, երբ իմ «թևերով» կծածկեմ իմ երեսն ու ոտքերը՝ խոնարհությամբ երկրպագելով և լսելով, թե Աստված ինչ է ասում։

«Այսօր եթե Նրա ձայնը լսեք, մի՛ խստացրեք ձեր սրտերը» (Սաղմոս 95:7-8) ։ Ձեր մեջ երկրպագության դի՛րք զարգացրեք և սովորե՛ք հանգստանալ։ Հիշե՛ք՝ Տիրոջ Հոգին մի այնպիսի անձնավորություն է փնտրում, ում սիրտը կատարյալ է Աստծո հանդեպ։ Եղե՛ք ուժեղ բնավորությամբ այդ անձնավորությունը, և Աստված հանդես կգա ձեր կողմից։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, Քո հանգիստը մտնելու խոստման համար։ Հռչակում եմ, որ ես երկրպագության դիրք եմ զարգացնում իմ մեջ և սովորում եմ հանգստանալ։ Ես պետք է զգուշանամ, որ Քրիստոսի հանգիստը մտնելուց չուշանամ։ Ամեն։