ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12. «Ի՞ՆՉՆ Է ՇԱՐԺՈՒՄ ՄԵԶ»
Ինչպես որ հայրը գթում է իր որդիներին, այնպես էլ Աստված գթում է ինձ
Այսօրվա եկեղեցու մեծագույն խնդիրներից մեկը ծառայողների անձնական փառասիրությունն է։ Պողոս առաքյալն այս խնդրի շուրջն իր խոսքն ուղղում է Փիլիպպեում գտնվող եկեղեցուն՝ ասելով.
«Արդ եթե Քրիստոսով մխիթարություն կա, եթե սիրո սփոփանք, եթե Հոգու հաղորդակցություն, եթե գթածություն և ողորմություն, ապա կամբողջացնեք իմ ուրախությունը , որ նույն միտքն ունենաք, նույն սերն ունենալով՝ միաշունչ նու՛յնը խորհեք։ Ոչ մի բան թող չլինի հակառակությամբ և ոչ էլ սնապարծությամբ, այլ խոնարհությամբ մեկը մյուսին թող իր անձից ավելի լավ համարի»։
Փիլիպպեցիներին 2:1-3
Սրանք շատ զորավոր խոսքեր են։ Պողոսը մակերեսային զգացմունքների մասին չէր խոսում։ Այդ զգացմունքները խորն են։
Ես բազում հրաշալի ծառայողների եմ հանդիպել, սակայն մերօրյա եկեղեցու առաջնային շարժիչ ուժը, ինչպես տեսնում եմ, փառասիրությունն է. տենչ՝ ավելի մեծ եկեղեցի կառուցելու, ավելի լայնամասշտաբ ժողովներ անցկացնելու, փոստային նամակների ցուցակում ավելի շատ անուններ գրանցելու կամ հայտնի դառնալու։ Գուցե կոպիտ է հնչում, սակայն, այնուամենայնիվ, թվում է, թե ժամանակակից քրիստոնեության շարժիչ ուժը փառասիրությունն է։ Ինչևէ, Պողոսն ասում է. «Ոչ մի բան թող չլինի …սնապարծությամբ»։
Ես հարց ունեմ ձեզ, որ Տիրոջն եք ծառայում։ Այս հարցն իր ընդարձակությամբ ամեն մեկին է վերաբերում, քանի որ բոլոր հավատացյալները պետք է ծառայեն Տիրոջը։ Ի՞նչն է շարժում քեզ։ Ի՞նչն է մղում քեզ անելու այն, ինչ անում ես, խոսելու այն, ինչ խոսում ես, մարդկանց վերաբերվելու այնպես, ինչպես վերաբերվում ես։ Արդյոք քո շարժառիթը Աստծո սերն ու գթասրտությու՞նն է։ 1-ին Հովհաննես 4:7-ը հորդորում է մեզ. «Սիրելինե՛ր, իրար սիրենք, որովհետև սերն Աստծուց է, և ամեն ոք, ով սիրում է, Աստծուց է ծնված ու ճանաչում է Աստծուն»։
Շնորհակալությու՛ն, Տե՛ր, որ մեծապես հոգում ես։ Ես հռչակում եմ իմ փափագը՝ շարժվելու Աստծո սիրով և գթասրտությամբ։ Ինչպես որ հայրը գթում է իր որդիներին, այնպես էլ Աստված գթում է ինձ։ Ամեն։