ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3. «ԱՍՏՎԱԾ ԳԻՏԻ ԻՆՁ ԱՄԲՈՂՋՈՎԻՆ»

Իմ Հայրը գիտի, թե ինչի կարիք ունեմ, նույնիսկ նախքան ես կխնդրեմ Նրանից

Աստված ամբողջովին գիտի մեզանից յուրաքանչյուրին, ընդհուպ մինչև մեր գլխի մազերի քանակն իմանալու չափ։ (Տե՛ս Մատթեոս 10:30)։ Սաղմոսների գրքի հետևյալ գեղեցիկ հատվածը Դավիթն սկսում է մի բանից, որն ապշացունց է անում։

«Տե՛ր, Դու քննում ես ինձ և ճանաչում ես ինձ։ Դու գիտես իմ նստելն ու վեր կենալը, հեռվից իմանում ես իմ մտածմունքները։ Իմ գնալն ու պառկելը քննում ես և իմ բոլոր ճանապարհները գիտես։ Որովհետև դեռ բնավ խոսք չկա իմ լեզվի վրա, ահա, ո՛վ Տեր, Դու ամենը գիտես։ Իմ ետևից ու առջևից պատում ես ինձ, և Քո ձեռքը դրել ես ինձ վրա։ Այս գիտությունն ինձ համար շա՜տ զարմանալի է, բարձր է, չեմ կարող հասնել նրան։ Ու՞ր գնամ Քո Հոգուց և Քո երեսից ու՞ր փախչեմ»։

Սաղմոսներ 139:1-7

Խորհե՛ք, թե ինչ է ասում Դավիթը. Աստված հեռվից գիտի մեր մտածմունքները։ Մի մարդ, ով հայտնություն էր ստացել Աստծուց, պատմում էր, որ այդ հայտնությունը բերող հրեշտակն ասել էր իրեն. «Մարդկանց մտքերը երկնքում այնքան բարձր են հնչում, որքան նրանց ձայները՝ երկրի վրա»։ Սա ցնցեց ինձ։ Բայց սա իրապես հենց այն է, ինչ Դավիթն է ասում վերը նշվածում։

Վստահաբար, երբ ընկալում ենք այս ամենը, պետք է արձագանքենք Դավիթի այս խոսքերին. «Այս գիտությունն ինձ համար շա՜տ զարմանալի է, բարձր է, չեմ կարող հասնել նրան»։ Դավիթը հարցրեց. «Ու՞ր գնամ Քո Հոգուց»։ Սա այն բանալին է, որը պարզաբանում է, թե Աստված ինչպես է տիեզերքում ամեն բան իմանում. Իր Հոգու միջոցով։ Աստծո Հոգին տարածվում է ամբողջ տիեզերքով մեկ։ Չկա մի վայր, որտեղ Աստծո Հոգին ներկա չլինի։ Իր Հոգու միջոցով Նա գիտի այն ամենը, ինչ մենք գիտենք, և ավելին. Նա գիտի այն, ինչ մենք երբեք չենք կարող իմանալ, ինչպես օրինակ՝ մեր գլխի մազերի քանակը։

Շնորհակալությու՛ն, Հա՛յր, որ Դու գիտես ինձ ամբողջովին։ Ես հռչակում եմ, որ Իր Հոգու միջոցով Աստված գիտի այն ամենը, ինչ ես գիտեմ իմ մասին, և դեռ ավելին։ Իմ Հայրը գիտի, թե ինչի կարիք ունեմ, նույնիսկ նախքան ես կխնդրեմ Նրան։ Ամեն։