ՕԳՈՍՏՈՍԻ 27. «ՇՆՈՐՀԸՆԿԱԼ ԵՎ ԸՆԴՈՒՆԵԼԻ»
Իմ Հայրը սիրով նախասահմանեց ինձ որդեգրվելու որպես Իր որդի և դուստր
«(Աստված) մեզ նրանով ընտրեց… , մեզ առաջուց սահմանեց, որ Հիսուս Քրիստոսի միջոցով Իրեն որդեգիր լինենք՝ Իր կամքի հաճությամբ, Իր փառավոր շնորհի գովության համար, որ նրանով մեզ շնորհ ցույց տվեց այն Սիրելիով»։
Եփեսացիներին 1:4-6
Ո՞վ է «Սիրելին»։ Հիսուսն է։ Ուշադրությու՛ն դարձրեք դասավորությանը։ Մենք ընտրվեցինք, առաջուց սահմանվեցինք, որդեգրվեցինք և շնորհ գտանք՝ ընդունելի դարձանք։ Բարձրաձայնի՛ր այս քայլերը. «Ես ընտրված եմ, առաջուց սահմանված, որդեգրված և ընդունելի դարձած»։ Անգլերեն «շնորհ ցույց տվեց» արտահայտությունը թարգմանված է «ընդունելի դարձրեց»։ Այս արտահայտությունը հունարենից բառացի թարգմանելիս նշանակում է. «Աստված իր շնորհն ամբողջությամբ տվեց մեզ»։ Կրկին պետք է նշեմ, որ երբ Գաբրիել հրեշտակը ողջունեց կույս Մարիամին, նա ասաց. «Ողջու՛յն քեզ, ո՛վ շնորհընկալ» (Ղուկաս 1:28)։ Հունարեն նույն շնորհընկալ բառն է գործածված Եփեսացիներին 1:6-ում նշված «շնորհ ցույց տվեց» արտահայտության համար, և ընդունելի բառը լավ թարգմանություն է։
Մենք ոչ թե պարզապես տանելի ենք Աստծո համար և ոչ էլ կանգնած ենք սահմանագծին, այլ մենք Նրա վեհագույն շնորհընկալության կենտրոնում ենք։ Կարո՞ղ ես արդյոք հավատալ։ Սա անհավատալի է։
Իմ կարծիքով անապահովության զգացումները ուղղակիորեն կապված են մերժվածության խնդրի հետ։ Այս խնդրի լուծումը Աստծո ընտանիքի անդամը դառնալն է։ Աստված չի փոխվել։ Աստված սեր է։ Աստված սիրում է իր զավակներից յուրաքանչյուրին։ Աստված երկրորդ կարգի զավակներ չունի։ Եթե դու Աստծո զավակ ես, դու ստիպված չես ոտքի ծայրերի վրա անցնելու միջանցքով և Նրա դուռը թակելու՝ հուսալով, որ Նա կբարեհաճի քեզ ներս թողնել։ Նա բազկատարած քեզ է սպասում։
Շնորհակալությու՛ն, Հիսու՛ս, որ ես Քո զավակն եմ։ Հռչակում եմ, որ ես ընտրված եմ, նախասահմանված, որդեգրված և ընդունելի դարձած։ Աստված իր շնորհն ամբողջությամբ տվել է ինձ։ Իմ Հայրը սիրով նախասահմանեց ինձ որդեգրվելու որպես Իր որդի և դուստր։ Ամեն։