ՕԳՈՍՏՈՍԻ 24. «ՀՈԳԵՎՈՐ ՍՆՈՒՆԴ»

Մեր հին մարդը մեռավ Քրիստոսի մեջ, որ նոր մարդը կենդանի լինի մեր մեջ

Մենք ասացինք, որ վերստին ծնունդը Աստծո Խոսքի միջոցով հոգու մեջ ծնում է բոլորովին մի նոր արարած՝ մի նոր տեսակի կյանք։ Սա մեզ ուղղորդում է խորհելու այն հաջորդ գլխավոր արդյունքի շուրջ, որն Աստծո Խոսքն է ծնում։

Կյանքի ցանկացած ոլորտում մեկ անբեկանելի օրենք կա. հենց որ նոր արարած է ծնվում, այդ նոր կյանքի առաջին և մեծագույն կարիքը սնունդն է, որ կյանքը պահպանի։ Օրինակ, երբ մարդկային մարմին է ծնվում, այդ մանուկը գուցե ամեն առումով ողջ և առողջ լինի, սակայն եթե նա անմիջապես սնունդ չստանա, ապա կհյուծվի և կմահանա։

Նույն օրենքը ճշմարիտ է նաև հոգևոր ոլորտում։ Երբ մարդը վերստին ծնվում է, այդ անձնավորության մեջ ծնված հոգևոր նոր բնույթը անմիջապես հոգևոր սնունդ է պահանջում՝ թե՛ կյանքը պահպանելու և թե՛ աճին խթանելու համար։ Այն հոգևոր սնունդը, որ Աստված պատրաստել է իր նորածին զավակների համար, գտնվում է Իր իսկ Խոսքի մեջ։ Աստծո խոսքն այնքան հարուստ և բազմազան է, որ հոգևոր զարգացման ամեն մի փուլի համար համապատասխան սնունդ է պարունակում։ Հոգևոր աճի նախնական փուլերի համար Աստծո խնամքը նկարագրված է Պետրոսի առաջին նամակում։ Անմիջապես այն բանից հետո, որ Պետրոսը առաջին գլխում գրում է Աստծո Խոսքի անապական սերմից վերստին ծնվելու մասին, նա շարունակում է. «Արդ դեն գցելով ամեն չարություն և ամեն խաբեություն և կեղծավորություն, նախանձ և ամեն չարախոսություն՝ նորածին մանուկների պես այն բանական, անխարդախ կա՛թը ցանկացեք, որպեսզի նրանով աճեք» (1-ին Պետրոս 2:1-2)։ Քրիստոսի մեջ նորածին մանուկների համար Աստծո նշանակած սնունդը իր իսկ Խոսքի անխարդախ կաթն է։ Այս կաթն անհրաժեշտ լիցքավորում է շարունակվող կյանքի և աճի համար։

Շնորհակալությու՛ն, Հիսու՛ս, խաչի վրա կատարած փոխանակման համար։ Ես հռչակում եմ իմ նվիրումն Աստծո խոսքին՝ որպես շարունակվող կյանքի և աճի համար հոգևոր սննդի իմ աղբյուրը, ինչպես նաև հռչակում եմ, որ իմ հին մարդը մեռավ Քրիստոսի մեջ, որ նոր մարդը կենդանի լինի իմ մեջ։ Ամեն։