ՕԳՈՍՏՈՍԻ 16. «ՔՐԻՍՏՈՍԻ ՄԵՋ ԼԻԱԿԱՏԱՐ»

Ես կատարյալ եմ Քրիստոսի մեջ

Մի ժամանակ ես մասնագիտությամբ փիլիսոփա էի։ Որպես այդպիսին՝ ես այստեղ, այնտեղ և ամենուր փնտրում էի կյանքի խնդիրների պատասխանը։ Ես փնտրեցի քրիստոնեության մեջ՝ որպիսին այն ժամանակ ներկայացված էր ինձ, և եկա այն եղրակացության, որ այդ քրիստոնեությունը չունի պատասխանը։ Ես միանգամայն ճիշտ էի. այն չուներ։ Ես դիմեցի հունական փիլիսոփայությանը, յոգային և ամեն տեսակ նմանօրինակ բաներին։ Այնուհետև, 1941 թվականին բանակի զորանոցային սենյակում մի երեկո՝ կեսգիշերին մոտ, երբ ոչ ոք արթուն չէր, ես անձնական հանդիպում ունեցա Տեր Հիսուս Քրիստոսի հետ։ Եվ այդ հանդիպման մեջ ես հայտնաբերեցի, որ հանդիպել եմ պատասխանին։

Որոշ ժամանակ անց ես կարդացի մի բան, որը Պողոսը գրում էր Հիսուս Քրիստոսի վերաբերյալ. «Որի մեջ ծածկված կան իմաստության և գիտության բոլոր գանձերը» (Կողոսացիներին 2:3)։ Ինքս ինձ ասացի. «Էլ ինչու՞ պետք է փորփրեմ մարդկային իմաստության աղբակույտերը, երբ բոլոր գանձերը ծածկված են Հիսուս Քրիստոսի մեջ»։ Եվ ես որոշում կայացրի, որ Աստվածաշունչը պատասխանների գիրք է, ու ես վճռեցի գտնել այն, ինչ Աստված ծածկել է Հիսուս Քրիստոսի մեջ։

Երբեմն ես շեղվել եմ, երբեմն խոտորվել և փոխել եմ ուղղությունս։ Բայց Հիսուսն է «Ալֆան ու Օմեգան, Սկիզբն ու Վերջը, Առաջինն ու Վերջինը» (Հայտնություն 22:13)։ Մենք լիակատար ենք նրա մեջ։ Եթե դու Քրիստոսից դուրս փնտրտուք սկսես, ապա կգտնես ամեն տեսակ հետաքրքիր տեսություններ և ոգևորիչ ներկայացումներ, սակայն կկերակրվես կեղևներով այն դեպքում, երբ կարող էիր ապրել Հոր հացով։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, որ գործում ես իմ մեջ։ Ես հռչակում եմ, որ Հիսուսն է պատասխանը՝ Ալֆան ու Օմեգան, Սկիզբը և Վերջը, Առաջինը և Վերջինը, հավատքի հեղինակը և վախճանը։ Ես լիակատար եմ Նրա մեջ, քանի որ ես կատարյալ եմ Քրիստոսի մեջ։ Ամեն։