ՕԳՈՍՏՈՍԻ 13. «ԿԱՏԱՐԵԼՈՒԹՅԱՆ ԻՄԱՍՏԸ»

Ես կատարյալ եմ Քրիստոսի մեջ

Կատարյալ բառը վախեցնում է որոշ մարդկանց։ Նրանք այն տպավորությունն ունեն, որ կատարյալ լինել նշանակում է, որ դու երբեք ոչ մի վատ բան չես անում, ոչ մի սխալ չես գործում։ Այս մարդիկ ասում են. «Եթե դա է նպատակը, ես հենց հիմա հետ եմ կանգնում, որովհետև դա անհասանելի է»։ Սակայն Սուրբ Գրքում մենք գտնում ենք կատարյալ բառը և չենք կարող հեռու փախչել դրանից։ Ուշ թե շուտ մենք պետք է դեմ առ դեմ հանդիպենք դրա հետ։

Սուրբ Գրքում կատարյալ բառը երեք հիմնական իմաստ ունի։ Առաջին՝ «հասուն» կամ «լիարժեքորեն մեծացած»։ Մենք սա ընկալում ենք որպես բանական նպատակ, որը մեզ ոչնչով չի վախեցնում։ Հաջորդ կից իմաստը «ամբողջականն» է՝ արատավոր կամ թերի ոչինչ չունենալը։ Հիշե՛ք, որ այս երկու իմաստները պարտադիր չէ, որ միասին գնան։ Մի մարդ կարող է լիարժեքորեն մեծացած լինել, բայց և իր մարմնի որոշ մասերում արատներ ունենալ։ Նա նույնիսկ կարող է չունենալ մարմնի որևէ մաս՝ վերջույթ, մատ կամ մի օրգան։ Այս դեպքում նա հասուն է, բայց՝ ոչ ամբողջական։ Մեկ այլ անձնավորություն գուցե անվնաս և գործող անդամներ ունենա, բայց նա կարող է լիարժեքորեն մեծացած կամ հասուն չլինել։ Մենք պետք է համատեղենք հասունության և ամբողջականության գաղափարները կատարելության այս պատկերում։

Եփեսացիներին 4-րդ գլխում՝ «սրբեր կատարելություն» արտահայտության մեջ (խոսք 12), կատարյալ բառի հունարենը նշանակում է «միացնել» կամ «համատեղել»։ Նման բառ է օգտագործված Եբրայեցիներին 11:3-ում, որտեղ ասում է, որ «աշխարհներն Աստծու խոսքով հաստատվեցին» կամ «համատեղվեցին»։ Այսպիսով, կատարյալ բառը նաև հետևյալ իմաստն ունի. ինչ-որ բան համատեղել այնպես, որ ամեն մի մասնիկ ներդաշնակորեն գործի մյուսների հետ և կատարի իր ճշգրիտ գործունեությունը։ Մենք երեք որոշակի գաղափարներ ունենք՝ հասունություն, ամբողջականություն և ճշգրիտ ներգրավվածություն՝ այնպիսի համատեղում, որ ամբողջը ներդաշնակ գործի։ Սա է այն նպատակը, որը Սուրբ Գիրքը դնում է մեր առջև՝ որպես հավատացյալներ։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, որ գործում ես իմ մեջ։ Ես հռչակում եմ, որ Աստված ինձ «կատարյալ» է դարձնում՝ Նա հասունացնում է ինձ, ամբողջացնում և տեղադրում է ինձ այն տեղում, որ պատարաստել է ինձ համար։ Ես կատարյալ եմ Քրիստոսի մեջ։ Ամեն։