ՕԳՈՍՏՈՍԻ 11. «ՄԵԿ ՃԱՆԱՊԱՐՀ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ»
Ես Սուրբ Հոգով Հորը մոտենալու արտոնություն ունեմ
Շատ կարևոր փաստ է այն, որ Սուրբ Հոգին անձնավորություն է։ Նա ոչ միայն անձնավորություն է, այլև Տեր է հենց այնքան, որքան Հայր Աստված է Տեր, և Որդի Աստված է Տեր։ Նա համահավասար է աստվածության մյուս երկու անդամներին։ Սա նշանակում է, որ Սուրբ Հոգու հանդեպ մենք պետք է այն նույն վերաբերմունքն ունենանք, որն ունենք Հոր և Որդու հանդեպ։
2-րդ Կորնթացիներին 3:17-ում Պողոսն այս հասարակ դրույթն արտահայտեց. «Որովհետև Տերն է Հոգին, ու որտեղ Տիրոջ Հոգին է, այնտեղ է ազատությունը»։
Այս հատվածում մենք տեսնում ենք օրենքի կապանքի կամ օրինական համակարգի և ազատության միջև հակադրությունը։ Ազատություն ունենալու միայն մեկ ուղի կա։ Որտեղ Տիրոջ Հոգին է, այնտեղ է ազատությունը։
Շատ քրիստոնյաներ ամենատարօրինակ պատկերացումներն ունեն ազատության վերաբերյալ։ Նրանք ասում են. «Եթե կիրակի օրը մինչև երեկոյան ժամը 6:45 չենք պարում բեմահարթակի վրա, ուրեմն ազատություն չունենք»։ Կամ. «Եթե մենք բոլորս ծափ չենք զարկում, ապա մենք ազատություն չունենք»։ Որոշ քարոզիչներ կարծում են, որ եթե իրենք չցատկեն բեմի վրա և չգոռան, ուրեմն իրենք ազատություն չունեն։
Ազատությունը չի շարժվում եկեղեցում առկա որևէ ծրագրի համաձայն։ Այն չի ընթանում որոշակի շարժումներով, ինչպիսին ձեռքեր բարձրացնելն է։ Սա գուցե ազատություն լինի, բայց և կարող է նույն հեշտությամբ կապանք լինել։ Դա կախված է նրանից, թե արդյոք Սուրբ Հոգին է մղում անելու այդ, թե՞ դու այդ անում ես կրոնական սովորությունից ելնելով։ Կրոնական սովորույթը կապանք է ծնում. Սուրբ Հոգին ազատություն է ծնում։
Շնորհակալությու՛ն, Տե՛ր, որ կարող եմ մոտենալ Քեզ։ Ես հռչակում եմ՝ որտեղ Սուրբ Հոգին է, այնտեղ է ազատությունը։ Ես Սուրբ Հոգով Հորը մոտենալու արտոնություն ունեմ։ Ամեն։