ՄԱՅԻՍԻ 27. «ԳՏՆԵԼՈՎ ՔՈ ՏԵՂԸ»

Հիսուսը կրեց մեր մերժվածությունը, որ մենք ընդունելի լինենք Հոր մոտ

Ընդունելությանը հասնելու համար ևս մեկ փուլ կա, որն է՝ ընդունելություն գտնել Աստծո ժողովրդի կողմից։ Սա նշանակում է գտնել քո տեղը Քրիստոսի մարմնի մեջ։

Հասկանո՞ւմ եք, որ մենք՝ որպես քրիստոնյաներ, մեկուսացած անհատներ չենք։ Մենք հարաբերության մեջ ենք մտնում մեր քրիստոնյա քույր-եղբայրների հետ։ Այս հարաբերությունը մի ճանապարհ է, որով առօրյա կյանքում արտահայտվում է մեր ընդունելիությունը։ Բավական չէ միայն ընդունելի լինել երկնային Հոր կողմից։ Սա առաջին ու թերևս ամենակարևոր քայլն է։ Այնուամենայնիվ, դրանից հետո մեր ընդունելությունը պետք է արտահայտվի քրիստոնյա եղբայրների հետ ունեցած հարաբերություններում։

Հավաքական իմաստով քրիստոնյաները մեկ մարմին են կազմում. յուրաքանչյուր քրիստոնյա այդ մարմնի մեկ անդամն է։ Մեզանից ոչ մեկը չի կարող որևէ հոգևոր եղբոր ասել. «Ես քո կարիքը չունեմ»։ Մենք բոլորս միմյանց կարիքն ունենք։ Աստված այնպես է ստեղծել մարմինը, որ անդամները փոխադարձ կախման մեջ են։ Դրանցից ոչ մեկը չի կարող ինքնուրույն արդյունավետ գործել։ Այս սկզբունքը վերաբերում է մեզանից յուրաքանչյուրի դեպքում։ Այն վերաբերում է քեզ։ Դու պետք է գտնես քո տեղը Քրիստոսի մարմնում։ Դու այլ անդամների կարիքն ունես և ինքդ պետք ես նրանց։ Մարմնի մեջ քո տեղը գտնելը քո ընդունելիությունը դարձնում է իրական և ամենօրյա փորձառություն։

Եթե քո սրտի մեջ փափագում ես այս տեսակ ներգրավվածության, առաջարկում եմ, որ այս աղոթքն ասես. «Տեր, ես փափագում եմ բնակվել քո տան մեջ, նվիրյալ հավատացյալների հոգևոր ընտանիքի անդամ լինել։ Եթե իմ մեջ պատնեշներ կան, խնդրում եմ, որ հեռացնես դրանք։ Առաջնորդի՛ր ինձ դեպի մի խումբ, որտեղ իմ այս փափագները կիրականանան, և օգնի՛ր ինձ պետք եղած պարտավորություններս կատարել նրանց հանդեպ։ Հիսուսի անունով, ամեն»։

Շնորհակալությու՛ն, Հիսու՛ս, խաչի վրա կատարած քո գործի համար։ Ես հռչակում եմ, որ բաց եմ Քրիստոսի մարմնում իմ տեղը գտնելու համար, ինչպես որ աղոթեցի։ Ես հռչակում եմ, որ Հիսուսը կրեց իմ մերժվածությունը, որ ես ընդունելի լինեմ Հոր մոտ։ Ամեն։