Լյուցիֆերը մարտահրավեր է նետում Աստծուն (մաս 2, հատված «Պատերազմ երկնքում» գրքից)

Երկնոլորտում գտնվող թագավորությունը

250px-Guido_Reni_031Կողոսացիների 1:16-ում Պողոսը նկարագրում է երկնքում գտնվող Աստծո կառավարող թագավորության կառուցվածքը, որը նախապես հաստատված է եղել Հիսուսի միջոցով իր հավիտենական էության մեջ. «Որովհետև նրանով ամեն բան ստեղծվեց` ինչ որ երկնքում է ու ինչ որ երկրի վրա. երևացողները և աներևույթները, թե՛ գահերը, թե՛ տերությունները, թե՛ պետությունները, թե՛ իշխանությունները, բոլոր բաները նրա միջոցով ու նրա համար ստեղծվեցին»:
Ուշադրություն դարձրեք իշխանության այս չորս հաջորդական մակարդակները: Յուրաքանչյուր դեպքում, որտեղ հարկ է եղել, փակագծի մեջ ավելացվել է այլընտրանքային համարժեք թարգմանությունը.

գահեր
տերություններ (տիրակալություններ)
պետություններ (ղեկավարություններ)
իշխանություններ:

Լյուցիֆերի ապստամբության գլխավոր հատկանիշներից մեկն այն է, որ նա Աստծո դեմ օգտագործեց Աստծո կողմից ստեղծված կառավարման այն համակարգը, որին նա ծանոթ էր: Եփեսացիների 6:12-ում Պողոսը թվարկում է սատանայի ապստամբ թագավորության հիմնական ղեկավար մարմինները.

«Որովհետև մեր պատերազմն արյան և մարմնի դեմ չէ, այլ իշխանությունների և պետությունների դեմ, այս աշխարհի խավարի աշխարհակալների դեմ, այն չար հոգիների դեմ, որ երկնավորների մեջ են»:

Այս ցուցակում Պողոսը չի հիշատակում գահերը և տերությունները: Սա մեզ այն մտքին է բերում, որ իշխանության այս բարձրագույն աստիճանները չմիացան սատանայի ապստամբությանը: Ըստ նկարագրածի, ապստամբությունը սկսվում է իշխանությունների և պետությունների (ղեկավարությունների) մակարդակում:

Հպարտություն. նախածին մեղքը

Եկեք վերադառնանք Եզեկիել 28 գլխի այն հատվածին, որը նկարագրում է Լյուցիֆերի ապստամբությունը. «Սիրտդ հպարտացավ քո գեղեցկությունով. դու ապականեցիր քո իմաստությունը քո գեղեցկության պատճառով» (խ. 17):

Լյուցիֆերի սիրտը բարձրացավ հպարտությամբ իր գեղեցկության պատճառով, և դա էր պատճառը, որ նա վռնդվեց Աստծո սարից: Ես կարծում եմ, որ մեր բոլորի համար կենսական նշանակություն ունի գիտակցելը, որ տիեզերքում առաջին մեղքը ոչ թե սպանությունն էր և ոչ էլ շնությունը, այլ` հպարտությունը: Հպարտությունն էր, որ ապստամբություն բարձրացրեց: Ավելին, այդ հպարտությունը բարձրացավ այն օրհնությունների միջից, որոնց հեղինակն Աստված էր: Աստված էր, որ Լյուցիֆերին տվեց նրա զորությունը, գեղեցկությունը, իմաստությունը, այս բոլորն Աստծո պարգևն էր: Սակայն Լյուցիֆերի սեփական վերաբերմունքը առիթ հանդիսացավ, որ այդ բաները նպաստեն նրա կործանմանը: iStock_000002305803XSmall

Նայելով հետ` քրիստոնեական իմ ծառայության ավելի քան վաթսուն տարիներին, ես պարզապես ցնցվում եմ, երբ գիտակցում եմ, որ Աստծո կողից կանչված և զինավորված տղամարդիկ և կանայք այսօր կրկնում են այն ողբերգական սխալը, որը Լյուցիֆերն էր արել: Ես մշտապես հիշում եմ չինացի մի քարոզչի, ով ավելի քան քսան տարի բանտում է անցկացրել հանուն իր հավատքի: Նա ասել է. «Ես շատ քրիստոնյաներ եմ տեսել, ովքեր լավ սկիզբ են ունեցել, սակայն քչերն են լավ վախճան ունեցել»: Մենք` Աստծո ծառաներս, որքա՜ն ենք հակված արագ և հեշտ մոռանալու, որ մեր ծառայության յուրաքանչյուր հաջողությունը պետք է դրդի մեզ ինքնախոնարհության` ի պատասխան Աստծո անկշիռ բարեհաճությանը:

Եսայա մարգարեության 14:12-15-ում մարգարեն վերլուծում է Լյուցիֆերի ապստամբության հետևում կանգնած դրդապատճառները: Նա ձգտում էր Աստծուն հավասար լինել.

«Ինչպե՜ս վայր ընկար երկնքից, ո՜վ առավոտյան ծագող Արուսյակ. կոտրվեցի՜ր, գետինն ընկար, ո՜վ ազգերին տկարացնող: Բայց ինքդ ասել էիր քո սրտում.
-Վեր կելնեմ երկինքը, Աստծո աստղերից բարձր կդնեմ իմ աթոռը, կնստեմ աստվածների ժողովի սարի վրա հյուսիսի ծայրերում: Վեր կելնեմ ամպերի բարձրությունների վրա, Բարձրյալին կնմանվեմ:
Բայց դու դժոխքն ես իջել, գուբի խորխորատները»:

Ինչպես վերը մեջբերեցինք, Լյուցիֆերը հինգ հաջորդական հռչակումներ արեց, որոնք սկսվում են ես այսպես կանեմ արտահայտությամբ: Նա ասաց. «Ես վեր կելնեմ երկինքը… Ես բարձր կդնեմ իմ աթոռը… Ես կնստեմ աստվածների ժողովի սարի վրա…»: Եվ վերջապես, բարձրագույն կետը. «Ես Բարձրյալին կնմանվեն (կամ` կհավասարվեմ), Աստծո պես կլինեմ»: Լյուցիֆերի ինքնամեծար նկրտումները հանդիսացան նրա անկման պատճառը:

Աստվածաշունչը մեզ հստակ ցույց է տալիս Հիսուսի և Լյուցիֆերի միջև եղած հակադրությունը: Լյուցիֆերը Աստծո պատկերը չէր, նա արարված էակ էր: Նա իրավունք չուներ Աստծուն հավասար լինելու: Այնուամենայնիվ նա փորձեց հավակնել Աստծուն հավասար լինել, բայց սայթաքեց և ընկավ: Մեկ այլ կողմից Հիսուսն իր հավիտենական բնությամբ աստվածային էր և գիտակցում էր իր` Աստծուն հավասար լինելը: Նա կարիք չուներ կառչելու դրանից, սակայն նախընտրեց ինքն իրեն խոնարհեցնել:

Շարունակելի…