ԱՊՐԻԼԻ 18. «ԿԱՏԱՐՅԱԼ ԶՈՀԸ»

Հիսուսը մեր մեղավորությամբ մեղք դարձավ, որպեսզի մենք նրա արդարությամբ արդար լինենք

Տերը «հաճեց» Հիսուսին հիվանդ դարձնել կամ «զարկելով՝ հիվանդացնել Նրան»: Հիսուսը ֆիզիկապես զարկվեց հիվանդությամբ: Նրա մարմինը ջախջախվեց, խեղվեց` ինչ բառ էլ որ կցանկանաք օգտագործել: Խաչի վրա նա ամբողջապես հիվանդություն դարձավ:

«Երբոր (Աստված) նրա (Հիսուսի) հոգին մեղքի զոհ արեց, նա պիտի սերունդ տեսնի»:

Եսայա 53:10

Այնտեղ, որտեղ հայերենում ասում է «մեղքի զոհ», եբրայերենում գործածված է մի բառ` աշամ, որ նշանակում է «հանցանք», «մեղք» կամ «մեղքի զոհ»: Հին Կտակարանի լեզվով նույն բառն օգտագործվում է թե՛ մեղքի և թե՛ մեղքի զոհի համար: Ինչու՞. որովհետև ղևտացիական օրենքով, երբ զոհաբերվող կենդանին բերվում էր որպես մեղքի զոհ, այն մարդը, ում մեղքը պետք է քավվեր, իր ձեռքերը դնում էր կենդանու գլխին և իր մեղքը խոստովանում այդ կենդանու վրա` այդ կերպ իր մեղքը խորհրդանշականորեն փոխանցելով կենդանուն: Այդ ճանապարհով մեղքի զոհը մեղք էր դառնում մարդու մեղքով: Այնուհետև կենդանու հետ հաշիվները մաքրում էին. մարդուն սպանելու փոխարեն կենդանուն էին սպանում:

Այս ամենը, իհա՛րկե, Քրիստոսի մահվան խորհրդանիշն է: Եբրայեցիների թղթի հեղինակն ասում էր, թե հնարավոր չէ, որ ցուլերի կամ նոխազների արյունը վեր առնի մեղքերը (տե՛ս Եբրայեցիս 10:4): Զոհաբերության համակարգն ուղղակի դեպի խաչի վրա կատարված գործն առաջնորդող պատկեր էր: Սակայն այստեղ, փաստացի իրադարձության մասին խոսելով, Սուրբ Գիրքն ասում է, որ Աստված Հիսուսի վրա դրեց մեր մեղքը: Սա է «նրա հոգին մեղքի զոհ անելու» իրական իմաստը: Պողոս առաքյալը հաստատեց այս իմաստը, երբ Եսայա 53:10-ից մեջբերում էր այս հատվածում.

«Աստված նրան, որ մեղք չգիտեր, մեզ համար մեղք արեց, որ մենք Աստծո արդարությունը լինենք նրանում» (2-րդ Կորնթացիներին 5:21):

Շնորհակալությու՛ն, Հիսու՛ս, խաչի վրա կատարած քո գործի համար: Ես հռչակում եմ, որ Հիսուսը իմ մեղավորությամբ մեղք դարձավ, որպեսզի ես նրա արդարությամբ արդար լինեմ: Ամեն: