ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11. «ԿԱ՛ՆԳ ԱՌ ԵՎ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒ՛Ն ՀԱՅՏՆԻՐ»

Պինդ բռնենք շնորհը

Որոշ մարդիկ անկեղծորեն շնորհակալ են Աստծուն, սակայն երբեք ժամանակ չեն հատկացնում այդ մասին ասելու Աստծուն։ Ինչպե՞ս կզգայինք արդյոք մեզ, եթե մեր երեխաները երբեք շնորհակալություն չհայտնեին մեզ այն ամենի համար, որ արել ենք նրանց։ Ինչե՞ս կզգայինք, եթե նրանք երբեք չասեին «շնորհակալությու՛ն» կամ չհայտնեին իրենց երախտագիտությունը, բայց ամեն բան ընդունեին այնպես, կարծես դա իրենց իրավունքն է՝ համարելով, որ այդպես էլ պետք է լիներ։

Ցավոք, հենց այսպես են Աստծո շատ զավակներ վարվում Նրա հետ, և դա հաճելի չէ Աստծո աչքին։ Մեզանից պահանջվում է երախտագիտություն հայտնել նրա համար, ինչ Աստված անում է մեզ համար՝ ժամանակ տրամադրելով մեր երախտագիտությունը Նրան հայտնելու։ Իմ ամենասիրելի խոսքերից մեկը Առակաց գրքում է. «Քո բոլոր ճանապարհներում ճանաչի՛ր նրան (Աստծուն), և Նա կուղղի քո ճանապարհները» (Առակաց 3:6)։

Իմ փարձառությունից սովորել եմ, որ եթե կյանքի ամեն մի փուլում դադար եմ տալիս՝ ճանաչելու Աստծուն, ապա կարող եմ վստահ լինել, որ Նա կշարունակի ուղղել իմ ճանապարհը։ Գուցե հարցնես. «Իսկ ինչպե՞ս կարող եմ ճանաչել Աստծուն»։ Պարզագույն և լավագույն միջոցը Նրան շնորհակալություն հայտնելն է. Նրան «շնորհակալություն» ասա Իր հավատարմության, այն ամենի համար, ինչ Նա արել է։ Դու անմիջապես վստահություն կզգաս, որ Նա կշարունակի հավատարիմ մնալ։ Ինչպես անցյալում է Նա քեզ առաջնորդել և օգնել, ճիշտ այդպես էլ Նա կառաջնորդի քեզ ապագայում։ Սակայն այս վստահության բանալին Նրան ճանաչելն է շնորհակալություն հայտնելու միջոցով։

Երբ Արևելյան Աֆրիկայում էի, հայտնաբերեցի, որ իմ որդեգրած աֆրիկացի դստեր ցեղախմբի լեզվում չկար որևէ բառ կամ արտահայտություն, որ նշանակեր «շնորհակալություն»։ Կարո՞ղ եք արդյոք պատկերացնել՝ չկարողանալ շնորհակալություն ասել։ Այդ ժամանակ հասկացա, որ մարդիկ սովորել են շնորհակալություն հայտնել միայն այնտեղ, որտեղ հասել է Աստվածաշունչը։ Դա Աստծո շնորհի մի մասնիկն է։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, այն ամենի համար, որ Դու արել ես ինձ համար։ Ես հռչակում եմ, որ կյանքի ամեն փուլում ես դադար կտամ՝ ճանաչելու Աստծուն Նրան շնորհակալություն հայտնելու միջոցով։ Ես պինդ կբռնեմ շնորհը։ Ամեն։