ՆՈՅԵՄԲԵՐԻ 26. «Ի ՀԱՅՏ ԲԵՐԵԼ ԼԱՎԱԳՈՒՅՆԸ»

Իրար նկատմամբ զգույշ լինենք։

«Եվ իրար նկատմամբ զգույշ լինենք՝ իրար սիրո ու բարի գործերի մղելով։ Եվ մեր՝ իրար հետ հավաքվելը չթողնենք, ինչպես ոմանց սովորությունն է, այլ իրար հորդորենք, և այնքան ավելի, որքան տեսնում եք, որ օրը մոտեցել է»։

Եբրայեցիներին 10:24-25

Հիմա պիտի նայենք ութերորդ «Եկե՛ք» քայլը, որը գտնվում է Եբրայեցիների գրքի վերոնշյալ հատվածում։ Որոշ թարգմանություններ ասում են. «Նայենք, թե ինչպես իրար խրախուսենք»։ Սակայն հունարեն բնագիրն ասում է. «Իրար նայենք՝ իրար սիրո ու բարի գործերի մղելով»։ Այս թարգմանությունը ի հայտ է բերում իրար նկատմամբ զգույշ լինելու՝ այս շաբաթվա վճռի էական իմաստը։ Մենք պետք է մտածենք իրար համար՝ միշտ ցանկանալով միմյանց մեջ եղած լավագույնը երևան հանել։

Այսօր շատ մարդիկ փակված են եսակենտրոնության բանտերում։ Նրանք երբեք իրապես երջանիկ չեն. նրանք երբեք ճշմարիտ խաղաղություն չեն վայելում։ Իրականում, որքան շատ ես անհանգստանում և ցանկանում գոհացնել ինքդ քեզ, այնքան շատ խնդիրներ ես ունենում։ Այդ բանտից ազատվելու հոգևոր ճանապարհներից մեկն այն է, որ դադարես անդադար ինքդ քեզ համար անհանգստանալուց։ Մի՛ մտածիր միայն քո մասին, այլ սկսիր նկատի առնել նաև քո հավատացյալ դրկիցներին։

Մենք պետք է հետևենք Հիսուսի օրինակին և կյանքով ապրենք Պողոսի հորդորը.

«Ոչ մի բան թող չլինի հակառակությամբ և ոչ էլ սնապարծությամբ, այլ խոնարհությամբ թող մեկը մյուսին իր անձից ավելի լավ համարի։ Միայն ձեր անձի շահերին չնայե՛ք, այլ ամեն մեկն իր ընկերոջն էլ»։

Փիլիպպեցիներին 2:3-4

Իրար համար մտածելու հակառակը «միայն ձեր անձի շահերին» նայելն է։ Ազատությունը գալիս է այս ճանապարհով. այլ մարդկանց համար ավելի շատ մտածել, քան ինքդ քեզ համար։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, որ Դու օգնում ես ինձ՝ սիրելու մարդկանց։ Հռչակում եմ, որ ավելի շատ մտածում եմ այլ մարդկանց համար, քան՝ ինձ համար։ Ամեն։