ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5. «ՄԽԻԹԱՐՈՒԹՅՈՒՆ ԽՈՍԵԼԸ»
Խաղաղությու՛ն խնդրեցեք Երուսաղեմի համար. «Թող հաջողվեն քեզ սիրողները»
Ինչպե՞ս ենք մենք միաբանվում այն նպատակին, որ Աստված ունի Իսրայելի համար։ Ես ցանկանում եմ մի հասարակ ճանապարհ առաջարկել։ Եսայա 40:1-2-ում Աստված ասում է. «Մխիթարեցե՛ք, մխիթարեցե՛ք իմ ժողովրդին,- ասում է ձեր Աստվածը,- Երուսաղեմի հետ սիրտը առնելով խոսեցե՛ք, և կանչեցե՛ք նրան, թե նրա տառապանքը վերջացել է, թե նրա անօրենությունը թողվեց, որեվհետև նա իր բոլոր մեղքերի համար Տիրոջ ձեռքից կրկնապատիկ հատուցում է ստացել»։
Ես վերլուծել եմ այս խոսքը, և երբ այն ասում է «Մխիթարեցե՛ք իմ ժողովրդին», ես այնպես եմ հասկանում, որ սա վերաբերում է հրեա ժողովրդին, քանի որ այդ արտահայտությունից անմիջապես հետո այն անդրադառնում է Երուսաղեմին։ Հրեա ժողովուրդը չի կարող մխիթարվել առանց Երուսաղեմի։ Նրանց սրտերն ամբողջությամբ կապված են Երուսաղեմ քաղաքին։ Այսպիսով, եթե ես ճիշտ եմ, և «Իմ ժողովուրդը» հրեա ժողովուրդն է, ապա ու՞մ են ուղղված այս խոսքերը։ Այս խոսքերը դրված են հոգնակի թվով և ուղղված են մեկին, ով կասեր. «Մխիթարեցե՛ք իմ ժողովրդին»։ Այս խոսքերն ուղղված պետք է լինեն այն մարդկանց, ովքեր ընդունում են Աստվածաշնչի Աստծուն և Նրա Խոսքի հեղինակությանը։ Ովքե՞ր են արդյոք այդ մարդիկ։ Ես եմ, և դու ես։ Մեզ նման մարդիկ՝ հավատացյալ քրիստոնյաներ։ Ի՞նչ է ասում Աստված։ Նա ասում է. «Մխիթարեցե՛ք իմ ժողովրդին՝ Իսրայելին»։ Աստված պահանջում է, որ մենք մխիթարենք Իսրայելին։
Քրիստոսի մեջ հավատացյալ շատ հրեա ընկերներ եմ ունեցել, և նրանք բոլորը մատնանշում էին այն փաստը, որ ամբողջ աշխարհում եկեղեցին ավելի շատ ժամանակ է ծախսում՝ քննադատելու Իսրայելին, քան՝ մխիթարելու նրան։ Մենք ոչ թե կանչվել ենք քննադատելու, այլ մենք պատվեր ունենք՝ մխիթարելու Իսրայելին։ Կընդունե՞ս արդյոք այդ պատասխանատվությունը։
Հավատում եմ, որ այս մխիթարելը մի միջոց է՝ Տիրոջ ճանապարհը պատրաստելու համար։ Դարերի նախապաշարումները, օտարումներն ու թյուրիմացությունները պետք է ջախջախվեն։ Դրանք պետք է հալվեն ու հեռանան իրական քրիստոնեության սիրո ջերմությունից։ Հավատում եմ, որ սրա համար ենք մենք դրված այս ժամանակներում։
Շնորհակալությու՛ն, Տե՛ր, այն օրհնության համար, որ տվել ես նրանց, ովքեր սիրում են Իսրայելը։ Ես հռչակում եմ, որ կմխիթարեմ Աստծո ժողովրդին և Երուսաղեմի հետ սիրտն առնելով կխոսեմ։ Խաղաղություն եմ խնդրում Երուսաղեմի համար. «Թող հաջողվեն քեզ սիրողները»։ Ամեն։