ՀՈՒԼԻՍԻ 25. «ՆՐԱ ԿԱՄՔԸ ՄԵԶ ՀԱՄԱՐ»

Ես սուրբ եմ

«Նաև մենք, մեր մարմնավոր հայրերին խրատով ունենալով, նրանցից ամաչում էինք. չէ՞ որ առավել ևս հոգիների Հորը պետք է հնազանդվենք, որ ապրենք։ Որովհետև սրանք որոշ ժամանակ իրենց հաճելի երևացածի պես էին խրատում, բայց նա՝ օգուտի համար, որպեսզի նրա սրբությանը մասնակից լինենք»։

Եբրայեցիներին 12:9-10

Աստված ցանկանում է, որ մենք մասնակից լինենք Իր սրբությանը։ Եբրայեցիներին ուղղված նամակի հեղինակը շարունակում է. «Բոլորի հետ հետամուտ եղե՛ք խաղաղության և սրբության, առանց որի ոչ ոք Տիրոջը չի տեսնի» (խոսք 14)։ Նախ, մենք պետք է սրբությանը հետամուտ լինենք։ Հետո, որպեսզի սրբության հասնենք, հավատում եմ, որ պետք է բոլոր մարդկանց հետ խաղաղության հետամուտ լինենք։ Պետք է փորձենք խաղաղ ապրել՝ խուսափելով վեճերից կամ անհամաձայնություններից, եթե կարող ենք։ Եբրայեցիների թղթի հեղինակը նաև կարևոր նախազգուշացում է տալիս։ Նա ասում է, որ մենք չենք տեսնի Տիրոջը, եթե նրա սրբությանը մասնակից չդանանք։

Սուրբ Գրքից մեկ այլ հատված, որն արտահայտում է Աստծո ցանկությունն Իր ժողովրդի սրբության համար, ասում է. «Քանի որ սա է Աստծու կամքը՝ ձեր սրբությունը» (1-ին Թեսաղոնիկեցիներին 4:3)։ Ի՞նչ է իրականում սրբությունը։ Սուրբ բառը հունարենում հագիոս բառն է։ Սրբություն բառի բայական ձևը սրբացնելն է։ Հայերենում -ացն պատճառական ածանց ունեցող բառը նշանակում է ինչ-որ բան համապատասխան դարձնել այդ -ացն ածանցին նախորդող բառի իմաստին։ Օրինակ՝ բարձրացնել նշանակում է «դարձնել բարձր», երկարացնել նշանակում է «դարձնել երկար», սրբացնել նշանակում է «սուրբ դարձնել»։ Շատ պարզ է՝ սրբությունը ինչ-որ մեկին սուրբ դարցնելու գործընթացն է։

Հետևաբար, 1-ին Թեսաղոնիկեցիներին 4:3-ի ճշգրիտ թարգմանությունը այսպես է. «Քանի որ Աստծո կամքն է, որ ձեզ սուրբ դարձնի»։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, որ կանչել ես ինձ։ Ես հետամուտ կլինեմ սրբությանը, ինչպես նաև բոլորի հետ խաղաղությանը՝ Քո սրբությանը մասնակից լինելու համար, քանի որ ես սուրբ եմ։ Ամեն։