ՀՈՒԼԻՍԻ 15. «ՍՐԲՎԱԾ, ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ, ՓՈԽԱԴՐՎԱԾ»
Ես գնվել եմ մեծ գնով. ես Աստծուն եմ պատկանում
«Դրա համար Հիսուսն էլ, որպեսզի բուն իր արյունով ժողովրդին սրբի, դռան դրսի կողմում չարչարվեց»։
Եբրայեցիներին 13:12
Հիսուսի արյունը սրբում է ամեն հավատացյալի։ Մյուս կողմից, սրբելը կրոնական բառ է, և շատ մարդիկ շփոթության մեջ են ընկնում դրա իմաստի վերաբերյալ։ Սրբել բառն ուղղակիորեն վերաբերում է Աստվածաշնչի բնագիր լեզուներում օգտագործվող «սուրբ» բառին։ Այսպիսով, սրբել նշանակում է «սուրբ դարձնել»։ Սրբությունն իր մեջ ներառում է Աստծո համար առանձնացված լինելու իմաստը։ Նա, ով սրբվում է, հայտնվում է մի տարածքում, որտեղ Աստված ազատ մուտք ունի նրա մոտ, իսկ սատանան՝ ոչ։ Սրբվել նշանակում է դուրս բերվել սատանային հասանելի տարածքից և դրվել մի տարածքում, որտեղ հասանելի ենք Աստծո համար։ Ահա թե ինչ է նշանակում սրբված լինել. առանձնացված Աստծո համար, սուրբ դարձած։ Ինչպես արդարացումը, նույնպես էլ սրբացումը չի գալիս գործերով, ջանքով կամ կրոնով։ Այն գալիս է միայն Հիսուսի արյանը հավատալու միջոցով։ Դու պատկանում ես Աստծուն, Նրա վերահսկողության տակ ես և հասանելի ես Աստծո համար։ Աստծուց դուրս որևէ բան իրավունք չունի մոտենալու քեզ. արյունը հեռացնում է այն։
Կողոսացիներին 1:12-13-ում Պողոսը գրում է.
«Եվ գոհություն տանք Հորը, որ մեզ արժանացրեց մասնակից լինելու սրբերի ժառանգությանը լույսի մեջ, որը մեզ խավարի իշխանությունից ազատեց ու մեզ իր սիրելի Որդու արքայության մեջ փոխադրեց»։
Հիսուսի արյան հանդեպ ունեցած հավատքով դուրս ենք տարվել սատանայի իշխանության ներքո գտնվող տարածքից և փոխադրվել ենք Աստծո արքայության մեջ։ Մենք ամբողջությամբ փոխադրվել ենք։ Մենք ոչ թե փոխադրվելու ենք, այլ արդեն իսկ փոխադրվել ենք. հոգին, շունչը և մարմինը։ Մենք սատանայի տիրապետության տակ չենք։ Մենք սատանայի օրենքներին չենք ենթարկվում։ Մենք Աստծո Որդու տարածքում ենք և նրա օրենքներին ենք ենթարկվում։
Շնորհակալությու՛ն, Տե՛ր, որ գնեցիր ինձ։ Հռչակում եմ, որ ես սրբված եմ, առանձնացված եմ Աստծո համար և փոխադրվել եմ Աստծո արքայության մեջ։ Ես գնվել եմ մեծ գնով. ես Աստծուն եմ պատկանում։ Ամեն։