ՀՈՒԼԻՍԻ 12. «ՀԱՎԻՏՅԱՆ ՆՐԱՆԸ»
Ես գնվել եմ մեծ գնով. ես Աստծուն եմ պատկանում
Հիշի՛ր, որ Հիսուսից պահանջվեց ամեն ինչ, որպեսզի քեզ հետ գնի իր համար։ Չնայած նա համայն տիեզերքի Տերն էր, սակայն մի կողմ դրեց իր ամբողջ հեղինակությունն ու զորութունը, որպեսզի մահանա բացարձակ աղքատության մեջ։ Նա ոչինչ չուներ։ Թե՛ թաղման պատանքները և թե՛ գերեզմանը, որտեղ նա թաղվեց, պարտքով էին վերցված․
«Ձեզ համար աղքատացավ նա, որ հարուստ էր, որպեսզի դուք նրա աղքատանալով հարստանաք»։
2-րդ Կորնթացիներին 8:9
Գուցե ինքդ քեզ երբեք կարևոր մեկը չես համարել։ Միգուցե դու քեզ խեղճ ես պատկերացնում կամ ցածր ինքնագնահատական ունես։ Հնարավոր է, որ քո անցյալը լի է ցավով ու հիասթափություններով՝ զրկված և դժբախտ մանկություն, ամուսնալուծությամբ ավարտված ամուսնություն, երբեք չիրականացած կարիերա կամ ալկոհոլի ու թմրադեղի վրա վատնված տարիներ։ Թե՛ քո անցյալը և թե՛ ապագան միևնույն բանն են ասում՝ ՁԱԽՈՂՈՒ՛Մ։
Սակայն Հիսուսի համար այդպես չէ։ Նա քեզ այնքան սիրեց, որ իր ամբողջ ունեցածը տվեց, որպեսզի քեզ փրկագնի իր համար։ Կրկնի՛ր Պողոս առաքյալի այս գեղեցիկ խոսքերը՝ դրանք դարձնելով քոնը. «Աստծո Որդին… ինձ սիրեց և իր անձն ինձ համար զոհեց» (Գաղատացիներին 2:20)։ Նորի՛ց ասա այդ. «Աստված ինձ սիրեց և իր անձն ինձ համար զոհեց», և կրկին՝ «Աստծո Որդին ինձ սիրեց և իր անձն ինձ համար զոհնեց»։
Տե՛ս ինքդ քեզ որպես այն մարգարիտը, որ Հիսուսի խոցված ձեռքերի մեջ է։ Լսի՛ր, թե նա ինչպես է քեզ ասում. «Դու այնքա՜ն գեղեցիկ ես։ Քեզ ունենալու համար ինձանից ամբողջ ունեցվածքս պահանջվեց, սակայն ես չեմ զղջում դրա համար։ Հիմա դու հավիտյան իմն ես»։
Սա վաստակելու համար դու ոչինչ չես կարող անել։ Ինքդ քեզ երբեք չես կարող փոխել կամ ավելի լավը դարձնել։ Ինչ դու կարող ես անել, հետևյալն է. ընդունի՛ր այն, ինչ Հիսուսն արեց քեզ համար, և գոհացիր նրանից այդ ամենի համար։ Դու հավիտյան նրան ես պատկանում։
Շնորհակալությու՛ն, Տե՛ր, որ գնեցիր ինձ։ Ես հռչակում եմ, որ Հիսուսն ինձ սիրեց և իր անձն ինձ համար զոհեց, և ես հավիտյան նրան եմ պատկանում։ Ես գնվել եմ մեծ գնով. ես Աստծուն եմ պատկանում։ Ամեն։