ՀՈՒԼԻՍԻ 11. «ԹԱՆԿԱԳԻՆ ՄԱՐԳԱՐԻՏԸ»
Ես գնվել եմ մեծ գնով. ես Աստծուն եմ պատկանում
Մատթեոս 13:45-46-ում Հիսուսը մի առակ պատմեց, որն, ըստ իս, գեղեցկագույնս նկարագրում է մեր փրկագնման հրաշքը.
«Երկնքի արքայությունը դարձյալ նման է մի վաճառական մարդու, որ գեղեցիկ մարգարիտներ է որոնում, որ մի թանկագին մարգարիտ գտնելով՝ գնաց, իր ամբողջ ունեցածը ծախեց և այն գնեց»։
Իմ կարծիքով, այս առակը պատկերում է մարդկային հոգու փրկագնումը։ Հիսուսը վաճառականն է. ոչ թե զբոսաշրջիկ կամ տեսարժան վայրեր այցելող, այլ մեկը, ով իր ամբողջ կյանքում գործ է ունեցել մարգարիտների հետ և գիտի ցանկացած մարգարտի ճշգրիտ արժեքը։ Այն մարգարիտը, որ նա գնեց, պարզապես մեկ մարդկային հոգի էր՝ իմ կամ քո հոգին։ Դրա գինը իր ամբողջ ունեցվածքն էր, այն ամենը, ինչ ուներ։
Վերադառնալով մերօրյա մշակույթին՝ ես կարող եմ պատկերել այն տեսարանը, երբ վաճառականը լուրը հասցրեց իր կնոջը. -Սիրելի՛ս, ես վաճառեցի մեր ավտոմեքենան։ – Վաճառեցիր ավտոմեքենա՞ն։ Լավ, գոնե դեռ տանիք ունենք մեր գլխի վրա։ – Դե ոչ. տունը նույնպես վաճառեցի։ – Ի՞նչը ստիպեց քեզ այդպես վարվել։ -Ես գտել եմ ամենագեղեցիկ մարգարիտը, որը երբևէ տեսել եմ։ Ես իմ ամբողջ կյանքում այսպիսի մի մարգարիտ եմ փնտրել։ Այն արժեցավ իմ ամբողջ ունեցվածքը։ Սպասի՛ր, մինչև տեսնես այն։ Ի՞նչ է այս ամենը նշանակում ինձ և քեզ համար։ Մեզանից յուրաքանչյուրը կարող է իրեն պատկերացնել որպես այն մեկ անգին մարգարիտը, որն արժեցավ այն ամենը, ինչ Հիսուսն ուներ՝ անգամ իր իսկ արյունը։
Շնորհակալությու՛ն, Տե՛ր, որ գնեցիր ինձ։ Հռչակում եմ, որ ես այն անգին մարգարիտն եմ, ում Աստված գնեց։ Ես գնվել եմ մեծ գնով. ես Աստծուն եմ պատկանում։ Ամեն։