ՀՈՒԼԻՍԻ 10. «ԱՍՏԾՈ ԳՈՐԾԻՔՆԵՐԸ»

Ես գնվել եմ մեծ գնով. ես Աստծուն եմ պատկանում

Աստվածաշունչը սովորեցնում է, որ ֆիզիկական մարմինը Սուրբ Հոգու տաճար է, և երբ Հիսուսը մահացավ խաչի վրա ու թափեց իր արյունը, նա փրկագնեց մեր մարմինը մեր շնչի ու հոգու հետ միասին։ Մենք նրան ենք պատկանում ամբողջությամբ՝ հոգով, շնչով, մարմնով։

Աստված մեր մարմինների համար անկեղծ հետաքրքրություն և առանձնահատուկ նպատակ ունի։ Մարմինը պետք է Սուրբ Հոգու տաճարը լինի (տե՛ս՝ 1-ին Կորնթացիներին 6:19)։ Մարդու մեջ դա պետք է լինի այն վայրը, որտեղ Սուրբ Հոգին կբնակվի։ Աստվածաշունչն ասում է, որ Աստված ձեռագործ տաճարներում չի բնակվում (տե՛ս՝ Գործք Առաքելոց 7:48)։ Մենք կարող ենք նրա համար պատրաստել այնքան եկեղեցիներ, սինագոգներ ու խորաններ, որքան կցանկանանք, սակայն Աստված չի բնակվի այնտեղ։ Աստված ընտրել է Իր բնակության վայրը՝ Իրեն հավատացողների մարմինները։ Այպիսով, հավատացյալի մարմինը կարևոր նշանակություն ունի որպես Սուրբ Հոգու բնակատեղի։

Բացի այդ, մեր ֆիզիկական անդամների վերաբերյալ Պողոսը բացատրեց հետևյալը. «Եվ ձեր անդամները անիրավության գործիք մի՛ ներկայացրեք մեղքին. այլ ձեր անձերը ներկայացրեք Աստծուն՝ ինչպես մեռելներից կենդանացածներ, և ձեր անդամներն արդարության գործիք՝ Աստծուն» (Հռոմեացիներին 6:13)։ Ֆիզիկական մարմնի տարբեր անդամները պետք է լինեն գործիքներ (կամ զենքեր), որոնք Աստված կարող է օգտագործել։ Մեր անդամները մեզ չեն պատկանում. նրանք Աստծունն են։ Մենք պետք է դրանք ներկայացնենք Աստծուն։

Տրամաբանական և ակնհայտ է այն, որ Աստված ուզում է՝ Իր «զենքերը» լինեն լավ վիճակում, այլ ոչ թե՝ տկար ու կոտրված։ Նա ցանկանում է, որ մեր մարմինները լինեն առողջ, և մեր անդամները՝ զորեղ, արդյունավետ, գործունյա, որովհետև դրանք Քրիստոսի անդամներն են։ Որոշ իմաստով, Քրիստոսը երկրի վրա ուրիշ մարմին չունի, բացի մեր մարմնից։ Մեր մարմինները Աստծո գործիքներն են, որոնք Նա օգտագործում է՝ Իր կամքը կատարելու երկրի վրա։ Ես համոզված եմ՝ Աստված մեզանից ակնկալում է, որ մեր մարմինները այնքան ուժեղ և առողջ պահենք, որքան կարող ենք։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, որ գնեցիր ինձ։ Ես հռչակում եմ, որ իմ ֆիզիկական մարմնի անդամները գործիքներ են, որ Աստված կարող է օգտագործել, և ես ներկայացնում եմ դրանք Աստծուն։ Ես գնվել եմ մեծ գնով. ես Աստծուն եմ պատկանում։ Ամեն։