ՀՈՒԼԻՍԻ 5. «ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՍՏԾՈ ՀԵՏ»
Ես միավորվել եմ Աստծո հետ և Նրա հետ հոգով մեկ եմ
Եկե՛ք միասին նայենք հոգու որոշ գործառնություններին՝ համեմատելով այն շնչի և մարմնի հետ։ Ինչպես տեսանք, հոգին աստվածճանաչողությունն է, շունչն ինքնաճանաչողությունն է, իսկ մարմինը՝ աշխարհճանաչողությունը։ Երբ մարդիկ կենտրոնանում են իրենց վրա՝ իրենց իսկ խնդիրների ու կարիքների վրա, նրանք գործում են շնչի ոլորտում։
Հոգու առաջնային գործունեությունը Աստծո հետ միությունն է։ Հոգին մարդու միակ բաղկացուցիչ մասն է, որը կարող է ուղիղ միության մեջ մտնել Աստծո հետ։ 1-ին Կորնթացիներին 6:17-ում Պողոսն ասաց. «Նա, որ Տիրոջն է հարում, մեկ հոգի է նրա հետ». ոչ թե մեկ շունչ կամ մեկ մարմին, այլ՝ մեկ հոգի։ Մեր հոգու ամենամեծ առավելությունը Աստծո հետ միությունն ու հաղորդակցությունն է։ Մարդկային հոգու վսեմագույն գործը երկրպագությունն է։
Մարդու շունչը բաղկացած է հետևյալ երեք տարրերից՝ կամք, միտք և զգացմունք։ Կամքն այն է, որ ասում է. «Ես կամենում եմ», միտքը ասում է. «Ես մտածում եմ», իսկ զգացմունք ասում է. «Ես զգում եմ»։ Այս երեք բաղադրիչները միասին կազմում են շունչը։
Մարմինը աշխարհճանաչողությունն է. զգայարանների միջոցով մարմինը շփվում է շրջակա ժամանակավոր աշխարհի հետ։ Աստծո սկզբնական նպատակն այն էր, որ մարդու հոգին կառավարի իր շունչը, իսկ վերջինս էլ կառավարի մարմինը։ Հոգին կարող է կառավարել մարմինը միայն շնչի միջոցով։ Սակայն կա մի բացառություն, որը օտար լեզուներով խոսելն է։ Ահա թե ինչու է լեզուների պարգևն այդքան յուրօրինակ փորձառություն։ Երբ խոսում ենք լեզուներով, մեր հոգին կառավարում է ֆիզիկական անդամը՝ լեզուն, և սա կատարվում է առանց շնչի ներգրավվածության։ Այդ պատճառով է, որ լեզուներ խոսելը չափազանց կարևոր փորձառություն է։
Շնորհակալությու՛ն, Տե՛ր, որ ինձ միավորեցիր Քեզ հետ։ Ես հռչակում եմ, որ ես միավորվել եմ Աստծո հետ և Նրա հետ հոգով մեկ եմ։ Ամեն։