ՀՈՒՆԻՍԻ 25. «ԱՐԴԱՐԱՑԱԾ»
Ես արդարացած եմ հավատքով
Մենք հավատքով արդարացած ենք Հիսուս Քրիստոսի արյունով։ Եկե՛ք ընթերցենք այն, ինչ Պողոսն այս բանի վերաբերյալ գրեց հռոմեացիներին.
«Բայց նրան (կրոնավոր մարդուն), որ գործ է անում, վարձքը չի համարվում շնորհքի պես, այլ պարտքի պես։ Բայց նրան, որ գործ չի անում, այլ հավատում է Նրան, որ ամբարիշտին արդարացնում է, նրա հավատքը համարվում է արդարություն»։
Հռոմեացիներին 4:4-5
Ուշադրությու՛ն դարձրեք 5-րդ խոսքին. առաջին բանը, որ պետք է անես, այն է, որ դադարես ինքդ քեզ արդարացնելու փորձերից։ Մի՛ փորձիր մի քիչ ավելի լավը դառնալ։ Դե՛ն նետիր այդ ամենը։ Դադարեցրու՛ այդ ամենը։ «Նրան, որ գործ չի անում»։ Իսկ ի՞նչ պետք է անենք։ Եկե՛ք նորից վերադառնանք այս խոսքի վերջին հատվածին. «Բայց նրան, որ գործք չի անում, այլ հավատում է նրան, որ ամբարիշտին արդարացնում է, նրա հավատքը համարվում է արդարություն» (խոսք 5)։ Պարզապես հավատա՛։ Մի՞թե այդքան հեշտ է։ Եթե այդքան հեշտ չլիներ, երբեք չէինք կարողանա անել այդ։ Աստված անարդարին արդարացնում է. սա այն է, ինչ Աստվածաշունչն է ասում, իսկ ես հավատում եմ սրան․
«Որովհետև Աստված նրան, որ մեղք չգիտեր, մեզ համար մեղք արավ, որ մենք Աստծո արդարությունը լինենք նրանում»։
2-րդ Կորնթացիներին 5:21
Ինձ դուր է գալիս, երբ այս համարում դերանունները փոխարինում եմ հատուկ անուններով. «Որովհետև Աստված Հիսուսին, որ մեղք չգիտեր, մեզ համար մեղք արեց, որ մենք Աստծո արդարությունը լինենք Հիսուսի մեջ»։ Սա կատարյալ փոխանակում է։ Հիսուսը մեր մեղավորությամբ մեղք դարձավ, որպեսզի մենք նրա արդարությամբ արդար լինենք: Այս արդարությունը հասանելի է նրա արյանը հավատալու միջոցով։ Մենք արդարացած ենք Հիսուս Քրիստոսի արյանը հավատալու միջոցով։
Շնորհակալությու՛ն, Հիսու՛ս, քո զոհաբերության համար։ Հռչակում եմ, որ արդարացումը հասանելի է քո արյանը հավատալու միջոցով։ Ես արդարացած եմ հավատքով։ Ամեն։