ՀՈՒՆԻՍԻ 23. «ՀՆԱԶԱՆԴՎԵԼ ԱՍՏԾՈ ՀՐԱՀԱՆԳՆԵՐԻՆ»

Ես Քրիստոսի ընկերն եմ

Երբ Աստված պատրաստվում է սովորեցնել, Նա ընտրում է Իր աշակերտներին ըստ նրանց բնավորության, այլ ոչ թե ըստ նրանց մտային կարողության, գիտական աստիճանների կամ հասարակական կարգավիճակի։ Նրան պետք է Իր հանդեպ նրանց սրտի ներքին վերաբերմունքը՝ անսահման հնազանդության ու հարգանքի վերաբերմունքը։ Այնուհետև Աստված կազմում է ծրագիրը։ Նա այդ անհատներին ուսուցանում է «այն ճանապարհը, որ ընտրել է» (Սաղմոս 25:12): Հաճախ Աստծո ընտրած ճանապարհն այն չէ, որ մենք կընտրեինք մեզ համար։ Մենք հակված կլինեինք ընտրելու մարգարեության և հայտնության վերաբերյալ թեմաներ, որոնք խորիմաստ են թվում, և սակայն Աստծո ծրագիրը կարող է կենտրոնացած լինել խոնարհ և երկրի վրա եղող բաների վրա՝ ծառայություն, զոհ և հավատարմություն։

Ովքեր հնազանդվում են Աստծո ուսուցումներին, նրանց համար հրաշալի վարձք կա. «Տիրոջ մտերմությունը նրանց հետ է, ովքեր վախենում են նրանից» (Սաղմոս 25:14)։ Մարդկային հարաբերությունների մեջ մենք մեր գաղտնիքները կիսում ենք միայն նրանց հետ, ում վստահում ենք։ Նմանապես, երբ Աստված մտերիմ է մեզ հետ, կիսում է իր գաղտնիքները մեզ հետ, դա ապացույցն է նրա, որ մենք շահել ենք Նրա վստահությունը։ Սա է Նրա դպրոցն ավարտելու մեր վկայականը։

Այս ճշմարտությունը գեղեցիկ ձևով նկարագրված է Հիսուսի հարաբերության մեջ՝ հանդեպ իր աշակերտների։ Վերջիններիս երեք տարի խստապահանջ կարգապահության մեջ պահելուց հետո Հիսուսն ասաց նրանց. «Այլևս ծառա չեմ ասում ձեզ, որովհետև ծառան չգիտի, թե իր տերն ինչ է գործում, բայց ձեզ ընկեր ասացի, որովհետև ամեն ինչ, որ լսեցի իմ Հորից, իմացրի ձեզ» (Հովհաննես 15:15)։ Նախ Հիսուսն ինքը կատարյալ հնազանդության միջոցով սովորեց Հորից։ Հետո այն ամենը, ինչ նա սովորել էր Հորից, փոխանցեց նրանց, ովքեր նույն կերպ հնազանդ էին իրեն։

Աստված հիմա էլ այս հիմքի վրա է ընտրում Իր աշակերտներին։ Ո՛չ Նրա պահանջները և ո՛չ էլ Նրա ծրագիրը չեն փոխվել։

Շնորհակալությու՛ն, Հիսու՛ս, որ փրկագնեցիր ինձ։ Ես հռչակում եմ, որ ցանկանում եմ կատարելապես հնազանդվել Տիրոջ ուսուցումներին և այդպիսով դառնալ Նրա բարեկամը, քանի որ ես Քրիստոսի ընկերն եմ։ Ամեն։