ՀՈՒՆԻՍԻ 14. «ԸՆԴՈՒՆՎԱ՛Ծ ԵՄ»
Ես Աստծո զավակ եմ
«Իր փառավոր շնորհքի գովասանքի համար, որ նրանով շնորհք ցույց տվավ մեզ այն Սիրելիովը» (Եփեսացիներին 1:6):
Ես սիրում եմ այս խոսքի Ջեյմս թագավորի անգլերեն թարգմանությունը մասնավորապես մեկ արտահայտության համար՝ «ընդունելի դարձրեց», որը հայերենում թարգմանված է «շնորհք ցույց տվեց»։
Բացի այդ, երբ Աստված ասում է, որ մենք ընդունելի ենք, սա չի նշանակում, որ մենք պարզապես տանելի ենք։ Մենք Նրա առանձնահատուկ սիրո, խնամքի և ուշադրության կենտրոնում ենք։ Ամբողջ տիեզերքում Իր հոգատարության ցուցակում մենք համար առաջինն ենք։ Նա մեզ մի անկյուն չի ուղարկում՝ ասելով. «Սպասի՛ր, Ես զբաղված եմ» կամ «Հիմա քեզ համար ժամանակ չունեմ» և կամ էլ՝ «Մի՛ աղմկիր, Հայրիկը քնած է»։ Նա ասում է. «Ես հետաքրքրված եմ քեզանով։ Ես փափագում եմ քեզ։ Բարի գալու՛ստ։ Նե՛րս արի։ Ես քեզ շատ երկար եմ սպասել»։
Սա նման է անառակ որդու առակի հորը։ Նա դրսում սպասում էր որդու տունդարձին։ Կարիք չկար, որ ուրիշ մարդիկ ասեին նրան. «Գիտե՞ս, որդիդ տուն է գալիս»։ Հայրն առաջինն իմացավ այդ մասին։ Նա ընտանիքի մնացած անդամներից առաջ իմացավ։ Աստծո վերաբերմունքն ասպիսին է նաև մեր հանդեպ, որ Քրիստոսի մեջ ենք։ Մենք խոտան չենք։ Մենք երկրորդ կարգի քաղաքացիներ չենք և ոչ էլ ծառաներ։
Երբ անառակ որդին վերադարձավ, նա ցանկացավ ծառա լինել։ Նա ասաց. «Հա՛յր, ինձ քո վարձու ծառաներից մե՛կը դարձրու»։ Սակայն եթե ուշադիր ընթերցեք պատմությունը, ապա կնկատեք, որ երբ որդին խոստովանեց իր մեղքերը, հայրն ընդհատեց նրան. նա թույլ չտվեց, որ որդին ավարտի իր խոսքը։ Նա երբեք թույլ չտվեց, որ որդին ասի. «Ինձ քո վարձու ծառաներից մե՛կը դարձրու»։ Ընդհակառակը, հայրն ասաց. «Առաջի պատմուճանը հանե՛ք և հագցրե՛ք նրան և մատանի՛ դրեք նրա ձեռքին և կոշիկներ՝ նրա ոտքերին։ Եվ մսացու եզը բերե՛ք մորթեք, և ուտենք, ուրախ լինենք, որ այս իմ որդին մեռած էր և կենդանացավ, կորած էր և գտնվեց» (Ղուկաս 15:22-24)։
Շնորհակալությու՛ն, Հիսու՛ս, որ փրկագնեցիր ինձ։ Ես հռչակում եմ, որ Աստծո շնորհով «ընդունելի եմ այն Սիրելիով»։ Ես հռչակում եմ, որ Աստծո զավակ եմ։ Ամեն։