ՀՈՒՆԻՍԻ 11. «ՃՇՄԱՐԻՏ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆ»

Ես Աստծո զավակն եմ

 

Հիսուս Քրիստոսի՝ երկիր գալու պատճառը մեզ Աստծուն բերելն էր և շարունակում է այն անել։ Եթե մենք կանգ ենք առնում՝ Աստծո այս հայտնությանը չհասած, մենք չենք հասնի նաև փրկության նպատակի ամբողջական և վերջնական արդյունքին։ Երբ մենք լիովին հասնում ենք այս հայտնությանն ու Աստծո հետ հարաբերության մեջ ենք մտնում որպես Հայր, ապա ունենում ենք որոշակի գործոններ, որոնք մերօրյա հասարակության մեջ բացակայում են։ Այս հայտնությունից և հարաբերությունից բխում են հետևյալ երեք բաները՝ ինքնություն, ինքնգնահատանք և ապահովություն։

Ինքնությունն իրական խնդիր է մերօրյա մարդկանց համար։ Այս խնդիրը բացահայտելու մի հետաքրքիր բանալի հանդիսացավ «Ակունքներ» կոչվող գիրքը և հեռուստատեսային մինիսերիալը։ Պատմությունը մի մարդու մասին էր, ով փնտրում էր իր արմատները, ծագումը, որպեսզի ուժեղացներ իր ինքնության զգացումը։ Ամբողջ մարդկությունը զբաղված է այդ նույն փնտրտուքով։ Տղամարդ թե կին, ուզում են իմանալ որտեղից են եկել, ովքեր են իրենց նախնիները, ինչպես ամեն ինչ սկսվեց, և ովքեր են իրենք։ Աստվածաշունչն ու հոգեբանությունը համաձայնում են, որ մարդն իսկապես չի իմանա «Ո՞վ եմ ես» հարցի պատասխանը, մինչև նա չիմանա՝ ով է իր հայրը։

Այսօր ծնողների ու զավակների միջև մարդկային հարաբերությունները մեծապես խզվել են ու մասնատվել, իսկ արդյունքը ինքնության համատարած սղաճն է։ Քրիստոնեության պատասխանն ինքնության այդ սղաճին հետևյալն է. Հիսուս Քրիստոս Որդու միջոցով մարդկանց բերել ուղղակի, անձնական հարաբերության մեջ Հայր Աստծո հետ։ Ովքեր Աստծուն ճանաչում են որպես Հայր, նրանք այլևս ինքնության խնդիր չունեն։ Նրանք գիտեն, թե ովքեր են. իրենք Աստծո զավակներն են։ Նրանց Հայրն արարեց տիեզերքը, նրանց Հայրը սիրում է իրենց և հոգ է տանում իրենց համար։

Շնորհակալությու՛ն, Հիսու՛ս, որ փրկագնել ես ինձ։ Ես հռչակում եմ, որ Հիսուսի միջոցով Հայր Աստծո հետ իմ ունեցած հարաբերության շնորհիվ գիտեմ, թե ով եմ ես։ Հռչակում եմ, որ ես Աստծո զավակ եմ։ Ամեն։