ՀՈՒՆԻՍԻ 7. «ԿԱՏԱՐՅԱԼ ԵՎ ՄՆԱՅՈՒՆ ՀԱՂԹԱՆԱԿ»

Ես ներված եմ և ազատ իմ մեղքերից

Խաչի վրա Հիսուսի զոհաբերությունը ամբողջ մարդկային ցեղի կարիքների համար Աստծո հոգածության միակ հիմքն է։ Տարբեր ժամանակներում շատ տարբեր գործեր անելու փոխարեն Աստված, ինչպես Սուրբ Գիրքն է ասում. «Մեկ պատարագով (զոհով) հավիտյան կատարյալ արեց սրբվածներին» ( Եբրայեցիներին 10:14)։

Եբրայեցիներին գրքի հեղինակն ասում է, որ, երբ Հիսուսը զոհաբերեց այդ մեկ պատարագը, նա «նստեց Աստծո աջ կողմը» (խոսք 12): Ինչու՞ նստեց։ Որովհետև նա այլևս կարիք չուներ այն կրկին անելու։

Խաչի վրա կատարած իր գործով Հիսուսը կատարյալ, մնայուն և անբեկանելի պարտության մատնեց սատանային և իր թագավորությանը։ Հիսուսն այլևս ստիպված չի լինի այդ գործը կրկին անելու։ Սատանան արդեն պարտված է։ Ես և դու կարիք չունենք սատանային պարտության մատնելու։ Բայց մենք պետք է Քրիստոսի բերած հաղթանակը գործադրենք և քայլենք այդ հաղթության մեջ։

Կողոսացիներին 1:12-ում կարդում ենք. «Գոհություն տանք Հորը, որ մեզ արժանացրեց մասնակից լինելու սուրբերի վիճակին (ժառանգությանը) լույսի մեջ»։ Մեր ժառանգությունը լույսի մեջ է, և ինչ էլ լինի դրա մեջ, այնտեղ խավար չկա։ Այն ամբողջությամբ լույսի մեջ է։ Ինչպե՞ս Նա արեց այդ։
«Փրկեց մեզ խավարի իշխանությունից և փոխադրեց մեզ Իր սիրելի Որդու արքայության մեջ, որի միջոցով ունենք փրկություն, նրա արյունով՝ մեղքերի թողությունը»։

(խոսք 13-14)

Հիսուսի արյան միջոցով ստացած փրկությամբ մենք ազատագրվեցինք խավարի իշխանությունից և փոխադրվեցինք կամ տարվեցինք Աստծո սիրելի Որդու արքայության մեջ։

Շնորհակալությու՛ն, Հիսու՛ս, քո ներման համար։ Ես հռչակում եմ, որ խաչի միջոցով Հիսուսը կատարյալ, մնայուն և անբեկանելի պարտության մատնեց սատանային և իր թագավորությանը։ Ես գործադրում եմ Հիսուսի բերած հաղթանակը և քայլում եմ այդ հաղթության մեջ, քանի որ ներված եմ և ազատ իմ մեղքերից։ Ամեն։