ՀՈՒՆԻՍԻ 4. «ՄԱՔՈՒՐ ԷՋ»
Ես ներված եմ և ազատ իմ մեղքերից
Աստծո էության ամենահրաշալի կետերից մեկն այն է, որ երբ Նա ներում է, չի ներում մասնակիորեն։ Նա ամբողջությամբ է ներում։ Միքիան սա գեղեցիկ ձևով է ներկայացնում.
«Ո՞վ է Աստված քեզ նման՝ անօրենություն վեր առնող, և Իր ժառանգության մնացորդի մեղքիցն անց կենող, որ չի պահում Իր բարկությունը հավիտյան, որովհետև Նա ողորմություն սիրող է։ Նա դարձյալ մեզ պիտի ողորմի, Նա պիտի ոտնահարի մեր անօրինությունները, և մեր բոլոր մեղքերը դու կգցես ծովի խորքերը»։
Միքիա 7:18-19
Մի՞թե հրաշալի չէ։ Մեր գործած ամեն սխալները, ցանկացած բան, որի համար մեղքի զգացում ունեինք, ամեն դատապարտություն, որ թշնամին երբևէ բերել է մեզ վրա, այս ամենն Աստված ոտնահար է անում և գցում ծովի խորքերը։
Մի անգամ ինչ-որ մեկը նշեց, որ, երբ Աստված քո մեղքերը ծովն է գցում, Նա այնտեղ հետևայալ ցուցանակն է տեղադրում . «ՁԿՆՈՐՍՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է»։ Երբևէ մի՛ փորձիր գնալ ու կենդանացնել մի բան, որն Աստված թաղել է։ Եթե Աստված ներել է քեզ, ուրեմն դու ներված ես։ Այլևս ոչ մի հարց չկա։ Աստծո ներումն ամբողջական է։ Եսայայի գրքում Աստված խոսում է Իր ժողովրդին՝ ասելով.
«Ես՝ Ես եմ, որ ջնջում եմ քո հանցանքներն Իմ պատճառով և քո մեղքերը չեմ հիշում»։
Եսայա 43:25
Երբ Աստված ներում է մեզ, Նա ջնջում է գրանցումները։ Էջը մաքուր է։ Կարծես այն, ինչ ներվեց, երբեք էլ տեղի չէր ունեցել։Նա ոչ միայն գրանցումներն է ջնջում, այլև այն ջնջում է Իր հիշողությունից։ Նա ասում է, որ այլևս չի հիշի մեր մեղքերը։
Աստված ոչ թե վատ հիշողություն ունի, այլ Նա ի վիճակի է մոռանալ։ Եվ երբ Նա ներում է, Նա մոռանում է։
Շնորհակալությու՛ն, Հիսու՛ս, քո ներման համար։ Ես հռչակում եմ, որ Աստծո ներումն ինձ համար ամբողջական է, Նա ջնջել է իմ գրանցումները, և իմ էջը մաքուր է։ Ես ներված եմ և ազատ եմ իմ մեղքերից։ Ամեն։