ՀՈՒՆԻՍԻ 3. «ԵՐԿՐՊԱԳՈՒԹՅՈՒՆ. ՎԱԽՃԱՆԸ»
Հիսուսը կտրվեց մահով, որպեսզի մենք հավիտյան միանանք Աստծուն
Հովհաննես 4:23-24-ում Հիսուսն ասաց, որ Հայրը փնտրում է նրանց, ովքեր կերկրպագեն Իրեն հոգով և ճշմարտությամբ։ Երկրպագությունը հոգու գործունեություն է։ Ո՞րն է այն քայլը, որի միջոցով մենք միանում ենք Տիրոջ հետ որպես մեկ հոգի. դա երկրպագությունն է։ Ահա թե ինչու երկրպագությունը մարդկային էակների վեհագույն գործն է։
Երբ երկրպագության մեջ միանում ենք Տիրոջը, մենք ծնունդ ենք տալիս այն բաներին, որոնք Աստված է ուզում։ Երկրպագությունը պարզապես մի հավելում չէ քրիստոնեական կյանքին։ Այն լոկ ուշացած լրացում չէ մեր ծառայությանը։ Երկրպագությունը գագաթնակետն է, այն հաստատումն է։ Եթե չեմ վիրավորի որևէ մեկին, ապա ուզում եմ ասել, որ երկրպագությունը Տիրոջ հետ մեր ամուսնության վախճանն է։ Այն մեզ մեկ հոգի է դարձնում։ Երբ մենք ունենում ենք այդ ամուսնական միությունը, ապա դա միշտ լինում է հանուն ծնունդի։ Այդ ժամանակ ենք մենք ծնունդ տալիս և հոգևոր պտուղ բերում։ Հոգևոր պտուղ ասելով՝ ես նկատի ունեմ Հոգու պտուղը, որը թվարկված է Գաղատացիներին 5:22-23-ում.
«Սեր, ուրախություն, խաղաղություն, երկայնամտություն, քաղցրություն, բարություն, հավատք, հեզություն, ժուժկալություն»։
Այն մարդիկ, ովքեր վերը նկարագրված պտուղն են բերում, օրենքով ղեկավարվելու կարիքը չունեն։ Նրանք օրենքի տակ չեն։ Նրանք փախել են օրենքի տակ մարմնի հետ իրենց ամուսնությունից և հիմա ազատ են Սուրբ Հոգով ամուսնանալու հարուցյալ Քրիստոսի հետ և այդ միությանը հարիր պտուղ բերելու։ Քրիստոնեական կյանքի բանալին ոչ թե ջանքն է, այլ՝ միությունը։
Շնորհակալությու՛ն, Հիսու՛ս, խաչի վրա կատարած քո գործի համար։ Ես հռչակում եմ, որ երբ երկրպագում եմ Տիրոջը, նրա հետ միանում եմ որպես մեկ հոգի։ Ես հռչակում եմ, որ Հիսուսը մահացավ, որպեսզի ես հավիտյան միանամ Աստծուն։ Ամեն։