ՄԱՅԻՍԻ 25. «ՔԱՅԼԵՐ ԴԵՊԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ»
Հիսուսը կրեց մեր մերժվածությունը, որ մենք ընդունելի լինենք Հոր մոտ
Աստծո ընդունելությունը վայելելու համար չորս քայլ կա, որ պետք է կատարես։ Առաջին քայլն այն է, որ ներես ամեն մարդու, ով մերժել է քեզ կամ որևէ կերպ վնասել։ Ինչպես Հիսուսը խրատեց մեզ, «Եվ որ ժամանակ որ կանգնեք, աղոթք անեք, ներեցե՛ք, եթե մեկի դեմ բան ունենաք, որպեսզի ձեր Հայրն էլ, որ երկնքումն է, ձեր հանցանքը թողնի ձեզ» (Մարկոս 11:25):
Այս դրույթը ներառում է ամեն ինչ. եթե ինչ-որ մեկի դեմ բան ունես, ների՛ր, որից հետո Աստված կների քեզ։ Բայց եթե չես ներում նրանց, Աստված էլ չի ների քեզ։ Այս ճշմարտությունը վերաբերում է հատկապես մեր ծնողների հանդեպ ունեցած մեր վերաբերմունքին, քանի որ սովորաբար ծնողների պատճառով է մերժվածության խնդիր առաջանում։
Կյանքեր են փոխվել, երբ մարդիկ հասկացել են, որ իրենց ծնողներին պատվելու սուրբգրային պարտավորություն ունեն։ Եփեսացիներին 6:2-ն ասում է. «Պատվի՛ր քո հորը և մորը. սա է առաջին պատվիրանը խոստմունքով»։ Դա չի նշանակում, որ դու ամբողջությամբ պետք է անտեսես նրանց սխալները, սակայն դու պետք է ներես նրանց և որոշես պատվել նրանց քո ամբողջ կարողությամբ։
Ես երբեք չեմ ճանաչել մեկին, ով, լինելով օրհնված ու բարգավաճ, սխալ վերաբերմունք է ունեցել իր ծնողների հանդեպ։ Երկրորդ՝ դու պետք է դեն նետես մերժվածության հետևանքները. դառնություն, վիրավորվածություն, ատելություն, ապստամբություն։ Այս վերաբերմունքները թունավոր են. դրանք կվարակեն քո ամբողջ կյանքը։ Դրանք խորը զգացմունքային խնդիրների և ամենայն հավանականությամբ, նաև ֆիզիկական խնդիրների պատճառ կդառնան։ Դու չես կարող տեղ տալ այս մտքերին։
Քո կամքի վճռական որոշմամբ դե՛ն նետիր դրանք քեզանից։ Համոզմունքով ասա՛. «Ես վա՛յր եմ դնում դառնությունը, վիրավորվածությունը, ատելությունն ու ապստամբությունը»։ Ալկոհոլիզմից բուժված մարդկանց հաճախ ասում են. «Վիրավորվելը ճոխություն է, որն այլևս քեզ թույլ տալ չես կարող»։ Դա ճշմարիտ է։ Մեզանից ոչ մեկը չի կարող իրեն թույլ տալ վիրավորվել։ Դրա հետևանքները թունավոր են։
Շնորհակալությու՛ն, Հիսու՛ս, խաչի վրա կատարած քո գործի համար։ Ես ներում եմ ամեն մեկին, ով մերժել է ինձ, ինչպես նաև վայ՛ր եմ դնում դառնությունը, վիրավորվածությունը, ատելությունն ու ապստամբութունը։ Ես հռչակում եմ, որ Հիսուսը կրեց իմ մերժվածությունը, որ ես ընդունելի լինեմ Հոր մոտ։ Ամեն։