ՄԱՅԻՍԻ 24. «ՃԱՇԱԿԵԼՈՎ ԻՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ»
Հիսուսը կրեց մեր մերժվածությունը, որ մենք ընդունելի լինենք Հոր մոտ
Մերժվածության դեմ Աստծո օգնությունն ստանալու համար, դուք պետք է երկու հիմնական փաստ ըմբռնեք։ Առաջին՝ Աստված շատ տարատեսակ լուծումներ չի ապահովել մարդկային տարբեր կարիքների համար։ Փոխարենն Աստված ապահովել է մեկ՝ ամեն ինչ ներառող լուծում, որը հոգում է բոլոր մարդկանց կարիքները։ Ամեն ինչ հոգացող այդ լուծումը խաչի վրա Հիսուսի զոհաբերությունն ու մահն էր։
Երկրորդ՝ այն, ինչ տեղի ունեցավ խաչի վրա, Աստծո ծրագրած փոխանակումն էր։ Մեր մեղքերի բոլոր չար հետևանքներն անցան Հիսուսի վրա, որպեսզի դրա փոխարեն մեզ հասանելի լինեն Հիսուսի անմեղ հնազանդության բոլոր բարիքները։ Մեր կողմից մենք ոչինչ չենք արել սրան արժանանալու համար և այն պահանջելու ոչ մի իրավունք կամ արժանիք չունենք։ Սա բխում է միմիայն Աստծո անսահման սիրուց։
Ուստի ապարդյուն է մոտենալ Աստծուն՝ հիմնվելով որևէ վաստակի կամ արժանիքի վրա, որը, կարծում ենք, թե ունենք։ Մենք ինքներս ոչինչ չենք կարող առաջարկել, որը կհամեմատվի այն զոհաբերության արժեքի հետ, որ Հիսուսն է առաջարկում մեզ համար։
Քրիստոսը խաչի վրա կրեց մեր մերժվածությունը, ինչպես նաև ամբողջ ամոթը, դավաճանությունը, տառապանքն ու սրտացավությունը։ Իրականում նրա մահվան պատճառը կոտրված սիրտն էր։ Մենք ընդունելի ենք Հիսուսի մերժվածության շնորհիվ։ Մենք ընդունելի ենք այն Սիրելիով։ Դա փոխանակում էր։
Հիսուսը կրեց չարը, որպեսզի մենք բարին ստանանք։ Նա կրեց մեր վշտերը, որ մենք ունենանք իր ուրախությունը։ Մարդու համար բաց է ճանապարհը՝ առանց ամոթի, առանց մեղքի զգացումի կամ վախի գալու Աստծո առաջ։ Հիսուսը կրեց մեր մերժվածությունը, որպեսզի մենք ճաշակենք իր ընդունելությունը։
Շնորհակալությու՛ն, Հիսու՛ս, խաչի վրա կատարած քո գործի համար։ Ես հռչակում եմ այն փոխանակման ճշմարտությունը, որը Հիսուսն արեց ինձ համար. ես ընդունելի եմ իր մերժվածության շնորհիվ։ Ես ընդունում եմ բարին, որովհետև նա կրեց չարը։ Ես ունեմ իր ուրախությունը, որովհետև նա կրեց իմ վիշտը։ Ես հռչակում եմ, որ Հիսուսը կրեց իմ մերժվածությունը, որ ես ընդունելի լինեմ Հոր մոտ։ Ամեն։