ՄԱՅԻՍԻ 23. «ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ ԱԽՏՈՐՈՇՈՒՄԸ»

Հիսուսը կրեց մեր մերժվածությունը, որ մենք ընդունելի լինենք Հոր մոտ

 

Մերժվածությունը հաղթահարելու առաջին քայլը խնդիրը ճանաչելն է։ Հենց որ ճանաչես խնդիրը, կարող ես լուծել այն։ Դու միայնակ չես այս հարցում. Աստված քեզ կօգնի ճանաչել այն։ Թույլ տվեք մի իրական օրինակ ներկայացնել ձեզ։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ ես ծառայում էի որպես բժշկական սպասավոր անապատում՝ Հյուսիսային Աֆրիկայում, ես աշխատում էի մի մարդու հետ, ով հիասքանչ բժիշկ էր։ Մեր զինվորներից մեկը վնասվել էր ռումբի բեկորից։ Նա բժշկական կայան եկավ՝ իր ուսի վրա ունենալով փոքրիկ, սև անցք։ Ես սկսեցի խնամել նրան և հարցրի բժշկին. «Վիրակապ բերե՞մ վերքը կապելու համար»։

Բժիշկն ասաց. «Ո՛չ, տու՛ր ինձ զննաձողիկը»։ Այսպիսով ես նրան մեկնեցի այդ փոքրիկ արծաթե ձողիկը, որը նա մտցրեց վերքի մեջ և այս ու այն կողմ շարժեց։ Մի քանի րոպե ոչինչ չպատահեց։ Հանկարծ զննաձողիկը դիպավ ներսում գտնվող փոքրիկ բեկորին, և զինվորը մի ճիչ արձակեց։ Բժիշկն իմացավ, որ գտել է խնդիրը։

Երբ ես կրկին հարցրի, թե բերե՞մ արդյոք վիրակապը, բժիշկը պատասխանեց. «Ո՛չ, պինցե՛տը բեր»։ Նա պինցետը տարավ վերքի մեջ և այնտեղից հանեց բեկորը։ Միայն այդ ժամանակ նա վիրակապ ուզեց։

Գուցե դու կրոնը որպես վիրակապ փաթաթում ես քո վերքի շուրջը, որը չի բուժվում, քանի որ ներսում կա մի բան, որի պատճառով վերքը բորբոքվում է։ Սակայն եթե բացես քո սիրտը Սուրբ Հոգու առաջ, նա կհայտնաբերի խնդրի աղբյուրը։ Եթե Սուրբ Հոգու զննաձողիկը դիպչի բեկորին, թեկուզ ճչաս էլ, սակայն մի՛ ընդդիմացիր։ Խնդրի՛ր Նրան, որ Իր պինցետով հեռացնի խնդիրը։ Որից հետո Աստված ինչ-որ բան կկիրառի, որ ոչ թե ժամանակավորապես կլավացնի վերքը, այլ իսկապես կբուժի այն։

Շնորհակալությու՛ն, Հիսու՛ս, խաչի վրա կատարած քո գործի համար։ Ես հռչակում եմ, որ բացում եմ իմ սիրտը, որպեսզի Սուրբ Հոգու զննաձողիկը հայտնաբերի իմ խնդրի աղբյուրը։ Հիսուսը կրեց իմ մերժվածությունը, որ ես ընդունելի լինեմ Հոր մոտ։ Ամեն։