ՄԱՅԻՍԻ 16. «ԲԱԺՆԵԿԻՑ ԻՐ ՓԱՌՔԻՆ»
Հիսուսը կրեց մեր ամոթը, որ մենք բաժնեկից լինենք իր փառքին
Ո՞րն է ամոթի հականիշը։ Կարծում եմ, որ ամոթին հակադիր ամենամոտ բառը փառքն է։
«Որովհետև վայելում էր նրան, որի համար է ամեն բան և որով ամեն բան, որ շատ որդիներին փառքի մեջ տանելիս նրանց փրկության առաջնորդին չարչարանքով կատարյալ դարձներ»։
Եբրայեցիներին 2:10
Նկատե՛ք, որ Հիսուսը շատ որդիներ էր բերում փառքի մեջ։ Նա կրեց մեր ամոթը, որ մենք բաժնեկից լինենք իր փառքին։ Մեզանից մի քանիսի անցյալում շատ բաներ կան, որոնց համար ամաչում ենք՝ բաներ, որոնք լիովին չենք հաղթահարել, դեպքեր, որոնք հետապնդում և անհանգստություն են պատճառում մեզ։ Այս վատ մտքերն ու ցավոտ հիշողությունները խանգարում են այն պահերին, երբ ուզում ենք երկրպագել ու փառաբանել Աստծուն։ Պարզապես հիշե՛ք, որ Հիսուսը, խաչի վրա երեք ժամ մերկ մնալով, ամբողջությամբ կրեց մեր ամոթը, որպեսզի մենք բաժնեկից լինենք Իր փառքին։
Մի անգամ Հոլանդիայում խոսում էի այն մասին, որ Հիսուսը կրեց մեր ամոթը, և մի հոլանդացի կին ի պատասխան ուղարկեց ինձ իր վկայությունը։ Երիտասարդ հասակում նա սեռական նախատինք էր կրել. բռնաբարվել էր մի խումբ երիտասարդ տղաների կողմից, ինչպես նաև հետագայում սեռական տհաճություններ էր կրել։ Ավելի ուշ նա ամուսնացել էր, սակայն իր ամուսնությունը երջանիկ չէր եղել այն պատճառով, որ իր սրտում խորը դառնություն ուներ տղամարդկանց հանդեպ։ Նա չէր կարողանում ազատվել իր կրած ամոթից։ Հետո Տերը մի հրաշագեղ բան արեց։
Իր ննջասենյակում մենակ նստած՝ նա տեսիլք ունեցավ՝ բացարձակ մերկ Հիսուսը խաչի վրա։ Նա երկու բան հասկացավ. առաջինը, որ նա կրել էր իր ամոթը, իսկ երկրորդը, որ նա տղամարդ էր։ Չնայած նա դառնացած էր տղամարդկանց հանդեպ՝ հասկացավ, որ իր ամոթի տուգանքը վճարել էր մի Տղամարդ։ Մի՞թե սա գեղեցիկ չէ։ Ձեր մտքում պահե՛ք, որ խաչի վրա մերկ Հիսուսը ենթարկվեց անցորդների ծաղր ու ծանակին։ Սա խաչելության առաջնային խնդիրն էր, և Հիսուսը կրեց այդ բոլորը։
Շնորհակալությու՛ն, Հիսու՛ս, խաչի վրա կատարած քո գործի համար։ Ես հռչակում եմ, որ Հիսուսը վճարեց իմ ամոթի տուգանքը, քանի որ նա կրեց իմ ամոթը, որ ես բաժնեկից լինեմ իր փառքին։ Ամեն։