ՄԱՅԻՍԻ 3. «ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ ԱՄԵՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ»
Հիսուսն անեծք դարձավ, որ ես մտնեմ օրհնության մեջ
Ցանկանում եմ վերադառնալ Գաղատացիներին 3:13-14 հատվածին, քանի որ ուզում եմ, որ դուք այն ամբողջությամբ կլանեք.
«Քրիստոս գնեց մեզ օրենքի անեծքից` մեզ համար անեծք լինելով (վասնզի գրված է, թե անիծյալ լինի ամեն փայտից կախվածը) , որ Աբրահամի օրհնությունը հեթանոսների մեջ լինի Հիսուս Քրիստոսով, որ մենք Սուրբ Հոգու խոստմունքն ընդունենք հավատքով»:
Սակայն ո՞րն էր «Աբրահամի օրհնությունը»: Մենք կարիք չունենք ենթադրություններ անել այդ մասին, քանի որ դա առանձնահատուկ կերպով բացահայտված է Սուրբ Գրքում:
«Եվ Աբրահամը ծեր էր և օրերն անցկացրած, և Եհովան ամեն բանում օրհնել էր Աբրահամին»:
Ծննդոց 24:1
Այս խոսքը ձեզ մոտ գուցե այն տպավորությունն ստեղծի, որ Աբրահամը ձեռնափայտը ձեռքին կաղալով այս ու այն կողմ էր գնում, բայց այստեղ ուղղակի գրված է «օրերն անցկացրած»: Ակնհայտ է, որ նա չէր կաղում` ձեռնափայտը ձեռքին, որովհետև բավականին շատ տարիներ անց նա մի երկար ճանապարհորդություն կատարեց դեպի Մորիայի սարը և հետ եկավ:
Ո՞րն է «Աբրահամի օրհնությունը»: Աբրահամը օրհնված էր «ամեն բանում», այսպիսով ամեն բան ծածկված էր օրհնությամբ: Սրա հետ կապված Պողոսն ասաց, որ մենք պետք է հավատքով ստանանք Հոգու խոստումը: Սուրբ Հոգին մեր օրհնված ժառանգության կառավարիչն է:
Շնորհակալությու՛ն, Հիսու՛ս, խաչի վրա կատարած քո գործի համար: Ես հռչակում եմ, որ հավատքով ընդունում եմ Սուրբ Հոգու խոստումը` «Աբրահամի օրհնությունը» իմ կյանքի բոլոր բնագավառների վրա, որովհետև Հիսուսն անեծք դարձավ, որ ես մտնեմ օրհնության մեջ: Ամեն: