ՄԱՅԻՍԻ 2. «ԱՆԵԾՔԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԱԽՏԱՆԻՇԵՐԸ»
Հիսուսն անեծք դարձավ, որ ես մտնեմ օրհնության մեջ
Ես անեծքի յոթ հիմնական դրսևորումների մի ցուցակ եմ կազմել: Շատ անեծքներ չեն վերաբերում բացառապես մեկ անհատի, այլ նրանք սովորաբար վերաբերում են ընտանիքների կամ ավելի լայն համայնքների: Ինչպես Աստվածաշնչում է տրված, անեծքների և օրհնությունների գլխավոր հատկանիշն այն է, որ նրանք փոխանցվում են մի սերնդից մյուսին, մինչև ինչ-որ բան պատահի, որը կփակի փոխանցման ճանապարհը: Ես գործ եմ ունեցել այնպիսի մարդկանց հետ, ում խնդիրներն իրենց ընտանեկան պատմության մեջ գալիս են հարյուրավոր տարիների խորքից:
Ըստ իմ անձնական ուսումնասիրության` ահա այն յոթ ախտանիշերը, որոնք մատնանշում են անեծքի առկայությունը քո կյանքում կամ քո ընտանիքի վրա: Եթե սրանցից միայն մեկն է առկա քո կյանքում, վստահորեն չեմ կարող ասել, թե դա անեծք է: Սակայն եթե նրանցից մի քանիսը երևան են գալիս քո ընտանիքում, տարբեր բնագավառներում և բազում սերունդների ընթացքում, ապա կարող ես գրեթե վստահ լինել, որ այդտեղ անեծք կա: Այդ ախտանիշերը հետևյալն են.
1. մտային կամ զգացմունքային խանգարվածություն,
2. կրկնվող կամ խրոնիկ հիվանդություններ, հատկապես եթե դրանք ժառանգական են,
3. կրկնվող վիժումներ կամ նմանատիպ կանացի խնդիրներ,
4. ամուսնության խափանում և ընտանիքի օտարում, հատկապես այլ ընտանիք կազմելու պատճառով,
5. ֆինանսական անբավարարություն, եթե այն հարատև է,
6. ձախորդի համբավ ունենալ,
7. ընտանիքի պատմության մեջ ինքնասպանությունների կամ անբնական մահերի առկայություն:
Մենք չենք մնա այս խնդրի մեջ, այլ կհաստատենք դրա լուծումը. Հիսուսը անեծք դարձավ, որ ես մտնեմ օրհնության մեջ:
Շնորհակալությու՛ն, Հիսու՛ս, խաչի վրա կատարած քո գործի համար: Ես հռչակում եմ, որ իմ կյանքում եղած անեծքի ամեն մի ախտանիշի համար լուծումը Հիսուսի մահն է, քանի որ Հիսուսը անեծք դարձավ, որ ես մտնեմ օրհնության մեջ: Ամեն: