ԱՊՐԻԼԻ 26. «ԾԱԾԿՎԱԾ ՔՐԻՍՏՈՍԻ ՀԵՏ»
Հիսուսը մահացավ մեր մահով, որ մենք ստանանք իր կյանքը
Եթե Քրիստոսի` մեզ հետ նույնացումից այն կողմ նայենք, ապա կգտնենք, որ, հաջորդաբար, հավատքի և ապաշխարության միջոցով մենք կարող ենք նույնանալ Քրիստոսի հետ ոչ միայն նրա մահվանը, այլ նաև իր գալիք փառքին:
«Բայց Աստված, որ մեծ է ողորմությամբ, իր շատ սիրո համար, որ սիրեց մեզ, երբոր մեռած էինք հանցանքներում, մեզ կենդանի արեց Քրիստոսի հետ. շնորհքով եք փրկված: Նրա հետ մեզ հարություն տվեց և նրա հետ մեզ երկնավորներում նստեցրեց` Քրիստոս Հիսուսում»:
Եփեսացիներին 2:4–6
Սա նույնացման հակառակ կողմն է: Նախ, Հիսուսն ինքը նույնացավ մեզ` անկում ապրած ցեղի հետ: Նա գրավեց մեր տեղը, վճարեց մեր տուգանքը և մահացավ մեր մահով: Նա քավեց մեր մեղքը: Այնուհետև, երբ մենք նույնանում ենք նրա և նրա մահվան հետ հավատքի մեջ, մենք նաև նույնանում ենք նրա հետ այն ամենի մեջ, ինչը հաջորդում է իր մահվանը: Հիսուսի հետ մեր նույնացման երեք հրաշալի քայլերը նշված են Եփեսացիներին 2:4–6-ում:
Առաջին.« Աստված… մեզ կենդանի արեց Քրիստոսի հետ»: Երկրորդ. «Նրա հետ մեզ հարություն տվեց»: Նա մեզ հարություն տվեց նրա հետ: Սակայն այսքանով չի ավարտվում:
Երրորդ. «Աստված… նրա հետ մեզ երկնավորներում նստեցրեց»:
Աստված Քրիստոսի հետ մեզ իր գահին նստեցրեց: Նա գահ բարձրացրեց մեզ Քրիստոսի մեջ:
Ուշադրությու՛ն դարձրեք Հիսուսի հետ նույնացման վերոնշյալ երեք քայլերին.
մենք կենդանանում ենք իր հետ,
հարություն ենք առնում իր հետ և
գահակալում ենք իր հետ:
Դեպի վեր ճանապարհը ներքևում է. ցածրագույնից մենք գնում ենք դեպի բարձրագույնը: Աստված ամենացածրին բարձրացնում է մինչև ամենաբարձրը, և այս սկզբունքը գործում է ամբողջ Սուրբ Գրքում: Դա ուղղակի պատմության հարց չէ, այլ մի տիեզերական օրենքի իրագործում: Ով խոնարհվի, նա կբարձրանա: Ով բարձրացնի իրեն, նա կխոնարհվի: (Տես` Մատթեոս 23:12):
Շնորհակալությու՛ն, Հիսու՛ս, խաչի վրա կատարած քո գործի համար: Ես հռչակում եմ, որ ինձ խոնարհեցնում եմ Աստծո առաջ` նույնանալով Հիսուսի հետ, որպեսզի կենդանանամ նրա հետ, հարություն առնեմ նրա հետ և գահակալեմ նրա հետ, որովհետև Հիսուսը մահացավ իմ մահով, որ ես ստանամ իր կյանքը: Ամեն: