ԱՊՐԻԼԻ 30. «ԱՆԵԾՔՆԵՐԻ և ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆ ԼԻՆԵԼԸ»
Հիսուսն անեծք դարձավ, որ ես մտնեմ օրհնության մեջ
Հիսուսն անեծք դարձավ խաչի վրա, որպեսզի մենք պատրաստվենք օրհնության համար և ստանանք այն: Որպեսզի ստանանք այն, ինչ Աստված նախատեսել է մեզ համար, մեզ անհրաժեշտ է հասկանալ օրհնության ու անեծքի էությունը: Եթե չըմբռնենք այս երկու գաղափարները, ապա չենք կարող օգտվել Աստծո` մեզ համար նախատեսածից:
Թե՛ օրհնությունները և թե՛ անեծքները գլխավոր թեմաներ են Սուրբ Գրքում: «Օրհնել» կամ «օրհնություն» բառն Աստվածաշնչում հանդիպում է ավելի քան 410 անգամ, իսկ անեծք բառը հանդիպում է գրեթե 160 անգամ: Այլ կերպ ասած` Աստվածաշունչը բավականին շատ բան ունի ասելու այս երկուսի վերաբերյալ: Սրանք երկուսն էլ բացարձակապես իրական են` այնքան իրական, որ Հիսուսը ստիպված էր անեծք դառնալ, որպեսզի մենք ազատ լինենք անեծքից և օրհնություն ստանանք: Որոշ մարդիկ հակված են մտածելու, որ օրհնությունները իրական են, իսկ անեծքները` մտացածին կամ ենթադրյալ: Սա անտրամաբանական գաղափար է: Եթե քննարկենք հականիշների ցանկացած զույգ, հասկանալի կդառնա, որ եթե հականիշներից մեկն իրական է, ապա մյուսն էլ պետք է իրական լինի: Վերցրե՛ք, օրինակ, ցերեկն ու գիշերը: Եթե ցերեկն իրական է, ապա գիշերը նույնպես իրական է: Ջերմություն և ցուրտ. եթե ջերմությունն իրական է, ապա ցուրտն էլ իրական է: Բարի և չար. եթե բարին իրական է, ապա չարը իրական է: Մենք չենք կարող մեկն ընդունել, իսկ մյուսն արհամարհել: Այսպես է նաև օրհնության ու անեծքի դեպքում. օրհնությունն իրական է, նույնքան իրական է և անեծքը:
Աստվածաշունչը շատ բան ունի սովորեցնելու մեզ օրհնությունների և անեծքների մասին, թե ինչպես են նրանք գործում, ինչպես ճանաչել քո կյանքում գործող անեծքը, և ինչպես ազատվել դրանից: Եթե անտարբեր մնանք, ապա մենք կտուժենք: Եթե մենք չհասկանանք օրհնության ու անեծքի այն փոխանակումը, որ նա կատարեց, ապա մենք կկորցնենք մեծ մասն այն ամբողջական ապահովության, որ Աստված պատրաստել է մեզ համար խաչի վրա Հիսուսի զոհաբերությամբ:
Շնորհակալությու՛ն, Հիսու՛ս, խաչի վրա կատարած քո գործի համար: Ես հռչակում եմ իմ հավատքն առ այն, որ օրհնություններն իրական են, իրական են նաև անեծքները, այնքան իրական, որ Հիսուսը անեծք դարձավ, որ ես մտնեմ օրհնության մեջ: Ամեն: