ԱՊՐԻԼԻ 28. «ԼԻԱՌԱՏ ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ԿՅԱՆՔ»

Հիսուսը մահացավ մեր մահով, որ մենք ստանանք իր կյանքը

Հիսուսն իրեն կոչում էր «բարի հովիվ» (Հովհ. 10:11,14): Հովվի հոգատարությունը, ինչպես նկարագրված է սաղմոսում, կարող է ամփոփվել մեկ ապշեցուցիչ արտահայտության մեջ. լիակատար ապահովություն: Բայց հիշե՛ք, որ ամբողջ հոգատարությունը չափվում է մեր նվիրումով: Երբ մեր նվիրումն ամբողջական է, ապա մեր ապահովությունն էլ ամբողջական է: Եթե մեր նվիրումը սահմանափակ է, այդ դեպքում մենք չենք վայելում այն լիակատար ապահովությունը, որ Հիսուսն առաջարկում է:

«Գողը չի գալիս, բայց միայն որ գողանա և սպանի և կորցնի. ես եկա, որ կյանք ունենան և էլ ավելի ունենան» (Հովհ. 10:10): Հիսուսը մեզ ասում է իր` երկիր գալու պատճառը, որը նա ամփոփեց մի պարզ արտահայտության մեջ. որ մենք «կյանք ունենանք»: Ոչ թե փոքր ու սահմանափակ կյանք, այլ` «էլ ավելի», այսինքն` լիառատ կյանք: Կյանք` լիակատար: Կյանք` մեր գոյության ամեն բնագավառի համար: Կյանք` ավելին քան բավարար մեզ դեմ եկող ամեն մարտահրավերի ու ճնշման համար:

Այնուհետև, փոքր-ինչ անց Հիսուսն օգտագործեց «հավիտենական կյանք» արտահայտությունը.

«Իմ ոչխարներն իմ ձայնը լսում են, և ես ճանաչում եմ նրանց, և իմ ետեվից գալիս են: Եվ ես հավիտենական կյանք եմ տալիս նրանց, և նրանք հավիտյան չեն կորչի, և ոչ ոք չի հափշտակի նրանց իմ ձեռքից»:

Հովհաննես 10: 27-28

Ուշադրություն դարձրեք հիմնական արտահայտությանը. «Ես հավիտենական կյանք եմ տալիս նրանց, և նրանք հավիտյան չեն կորչի»: Այս հատվածում տեսնում ենք, որ Հիսուսը եկավ, որպեսզի մենք հավիտենական կյանք ունենանք, մի կյանք, որը այս աշխարհի կյանքից էլ անդին է տարածվում։ Մի կյանք, որը գերեզմանից էլ այն կողմ է անցնում: Մի կյանք, որը տևում է մինչև հավիտյան: Մի անգամ լսեցի, թե ինչպես մեկը հետևյալ հանճարեղ դիտողությունն արեց. «Ես հավատում եմ, որ ապրելու եմ այնքան, որքան որ Աստված կապրի, որովհետև Աստված դարձել է իմ կյանքը»: Սա է այն կյանքը, որ Հիսուսը եկավ մեզ առաջարկելու. իր կյանքը` հավիտենապես:

Շնորհակալությու՛ն, Հիսու՛ս, խաչի վրա կատարած քո գործի համար: Քո մահվան միջոցով ես լիառատ հավիտենական կյանք ունեմ, որովհետև  Հիսուսը մահացավ իմ մահով, որ ես ստանամ իր կյանքը: Ամեն: