ԱՊՐԻԼԻ 25. «ՄԵՐ ԶԱՐՄԱՆԱՀՐԱՇ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ»
Հիսուսը մահացավ մեր մահով, որ մենք ստանանք իր կյանքը
Եկե՛ք Սուրբ Գրքից նայենք մի քանի հատվածներ, որոնք խոսում են այն մասին, թե ինչպես Քրիստոսը նույնացավ մարդկային ցեղի հետ և քավեց նրա մեղքը:
«Արդ որովհետև մանուկներն արյան և մարմնի մասնակից եղան, ինքն էլ շատ նման կերպով մասնակից եղավ նրանց, որ իր մահով խափանի մահի իշխանությունն ունեցողին, այսինքն` սատանային, և ազատի նրանց, որ մահի վախովն իրանց բոլոր կյանքի մեջ ծառայության մեջ բռնված էին»:
Եբրայեցիներին 2:14–15
Երբ թագավոր լինելու փոխարեն Ադամն ապստամբեց, նա գերի դարձավ` սատանայի կողմից, մահով ու ապականությունով կապված: Նա այլևս ազատ չէր: Սակայն Հիսուսը, որպեսզի մարդկային էակներին ազատի գերությունից, իր վրա հագավ մարդկային մարմինը` ադամական բնությունը: Նա իր վրա հագավ այն նույն մարմինն ու արյունը, որ ես և դու ունենք, որպեսզի իր մահով նա կործանի այն մեկին, ում պատկանում է մահվան զորությունը, այսինքն` սատանային, և այսպիսով ազատի բոլոր նրանց, ում կյանքը գերի էր մահվան վախին: Խաչի վրա Հիսուսն իր վրա առավ մարդկային էակների ընկած բնությունն ու նրանց մեղքը: Այս մասին նշված է նաև 1-ին Պետրոս 2:24 խոսքում.
«Որ ինքը՝ Հիսուսը, մեր մեղքերն իր մարմնումը խաչափայտի վրա բարձրացրեց, որ, մեղքերից հեռանալով, արդարության համար ապրենք, որ նրա խոցերով բժշկվեցիք»:
Խաչի վրա Հիսուսը լիովին նույնացավ մեր մեղքի ու հանցանքի հետ: Նա դարձավ մեղքի վերջին մեծ զոհը, որը մարդկային ցեղից սրբեց մեղքն ու հանցանքը: Նա կրեց մեր մեղքն ու պատիժը: Մեր վերքերը դարձան նրա վերքերը, և նա մահացավ մեր մահով: Նա ապստամբության մեղքը քավեց` որպես մեր ներկայացուցիչ` վերջին Ադամ` գամվելով խաչափայտին, թափելով իր արյունը, իրեն ամբողջապես տալով մեր փրկության համար:
Շնորհակալությու՛ն, Հիսու՛ս, խաչի վրա կատարած քո գործի համար: Ես հռչակում եմ, որ դու քեզ ամբողջապես տվեցիր իմ փրկության համար, և Հիսուսը մահացավ իմ մահով, որ ես ստանամ իր կյանքը: Ամեն: