ԱՊՐԻԼԻ 22. «ՄԵՆՔ ԿԱԶԱՏԱԳՐՎԵՆՔ»

Հիսուսը մեր մեղավորությամբ մեղք դարձավ, որպեսզի մենք նրա արդարությամբ արդար լինենք

Հռոմեացիներին թղթի բաղադրատոմսի հաջորդ մասը` գործնական «ինչպես»-ը, գտնվում է Հռոմեացիներին. 6:11-13 –ում:

Առաջին. «ձեր անձերը մեղքին մեռած համարեցե՛ք» (խոսք 11): Աստվածաշունչն ասում է, որ մենք մեռած ենք. հավատացե՛ք դրան: Պողոսն ասաց. «Քրիստոսի հետ խաչված եմ: Եվ կենդանի եմ ոչ թե այլևս ես, այլ Քրիստոս է կենդանի ինձանում» (Գաղատացիներին 2: 20): Պողոսը Քրիստոսի խաչելությունն ու մահը տեսնում էր որպես իրենը: Նա մտածում էր այդպես և խոսում էր այդպես` դա համարելով ճշմարիտ: Մենք էլ պետք է նույնն անենք:

Երկրորդ և երրորդ քայլերը բացասական նկատողություններ են. «Թող մեղքը չթագավորի՛ ձեր մահկանացու մարմնի մեջ» (խոսք 12) և «Եվ ձեր անդամները անիրավության գործիք մի՛ ներկայացրեք մեղքին» (խոսք 13): Նախկինում մենք չէինք կարող չհնազանդվել մեղքին, իսկ այժմ մենք ընտրություն ունենք: Մեր մեջ եղած զորությունն ավելի մեծ է քան մեղքը: Մենք ազատ ենք և արդարացված: Այնուամենայնիվ, մենք պետք է վարժեցնենք մեր կամքը: Երբ փորձությունը գալիս է, մենք պետք է ասենք. «Ո՛չ, ես չեմ հնազանդեցնի իմ մարմինը կամ անդամները: Ես չեմ հնազանդվում քեզ, սատանա՛: Ես Հիսուսին եմ պատկանում»:

Չորրորդ քայլը դրական է. «ձեր անդամները ներկայացրեք Աստծուն» (խոսք 13): Մենք չենք կարող անկախ գործակալներ լինել և ազատ մնալ մեղքից: Մենք պետք է ընտրություն կատարենք ծառայել ոչ թե սատանային, այլ Աստծուն` մեր անձերը որպես զոհ ներկայացնելով Աստծուն, Նրան տալով մեր անձերը և այն ամենը, ինչ ունենք` ոչինչ հետ չպահելով: Այնուհետև, Պողոսն ասում է. «ձեր անդամները (ներկայացրեք որպես) արդարության գործիք՝ Աստծուն» (խոսք 13): Ձեր մարմնի մասերը հնազանդեցրե՛ք Աստծուն, որպեսզի նա իր փառքի համար օգտագործի դրանք իր կամքի պես:

Արդյունքը հետևյալն է. «մեղքը ձեր վրա պիտի չիշխի» (խոսք 14): Մենք ազատ ենք ամոթից, նվաստացումից և տագնապից` այն ամեն չարիքներից, որ մեղքն է բերում: Եթե հետևենք Հռոմեացիներին թղթի բաղադրատոմսին` Հիսուսի հետ նույնանալով նրա մահվան, թաղման և հարության մեջ, մենք կազատագրվենք:

Շնորհակալությու՛ն, Հիսու՛ս, խաչի վրա կատարած քո գործի համար: Ես հռչակում եմ, որ Հիուսի հետ իմ նույնացմամբ կազատագրվեմ, որովհետև Հիսուսն իմ մեղավորությամբ մեղք դարձավ, որպեսզի ես նրա արդարությամբ արդար լինեմ: Ամեն: