ԱՊՐԻԼԻ 16. «ԼԻԱԿԱՏԱՐ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ»
Հիսուսը մեր մեղավորությամբ մահացավ, որպեսզի մենք նրա արդարությամբ արդար լինենք
«Աստված նրան, որ մեղք չգիտեր, մեզ համար մեղք արեց, որպեսզի մենք նրա մեջ Աստծու արդարները լինենք»:
2-րդ Կորնթացիներին 5:21
Աստված Հիսուսին, ով մեղք չգիտեր, մեզ համար մեղք դարձրեց, որ մենք Նրա մեջ Աստծո արդարությունը լինենք: Փոխանակումն այստեղ շատ պարզ է. Հիսուսը մեղք դարձավ, որպեսզի մենք արդարություն դառնանք: Նկատե՛ք` ոչ թե մեր սեփական արդարությամբ ենք մենք արդար դառնում, այլ` Աստծո արդարությամբ: Մատթեոս 6:33-ում Հիսուսն ասաց. «Սակայն առաջ Աստծո արքայությունը և նրա արդարությունը խնդրեցե՛ք, և այդ ամենը կտրվի ձեզ»:
Միակ ընդունելի արդարությունը երկնքում Աստծո արդարությունն է` Հիսուս Քրիստոսի հավատքի միջոցով ստացած: Եսայա 64:6-ն ասում է. «Եվ մենք ամենքս պիղծ բանի պես ենք դառել, և կեղտոտ լաթի պես է մեր ամեն արդարությունը»:
Այս խոսքը չի ասում, թե մեր ամեն մեղքերն են կեղտոտ լաթի պես, այլ որ մեր ամեն արդարությունն է այդպես: Լավագույն ջանքերն անգամ, որ մենք գործադրում ենք կրոնավոր լինելու, հաճեցնելու Աստծուն և ծառայելու Նրան մեր սեփական ուժով ոչ այլ ինչ է, քան կեղտոտ մի լաթ: Այս կեղտոտ լաթը պատշաճ չէ երկնային թագավորության համար: Աստված պահանջում է, որ մենք դեն նետենք մեր սեփական արդարության այդ դաշտանի շորը: Մենք, գիտակցելով, որ մեղավոր ենք, պետք է դադարենք վստահել մեր իսկ բարի գործերին ու կրոնական գործունեությանը: Մենք պետք է հավատանք, որ Հիսուսը խաչի վրա մահացավ մեր մեղավորությամբ, որպեսզի մենք, փոխարենը, արդար լինենք Նրա արդարությամբ:
Շնորհակալությու՛ն, Հիսու՛ս, խաչի վրա կատարած քո գործի համար: Ես հռչակում եմ, որ դեն եմ նետում իմ սեփական արդարությունը և փոխարենը փնտրում՝ Աստծո արդարությունը, որովհետև Հիսուսն իմ մեղավորությամբ մահացավ, որպեսզի ես նրա արդարությամբ արդար լինեմ: Ամեն: